Մի կտոր Հայաստան՝ Բրբենքի սրտում

Բրբենքի առավոտը դեռ նոր էր բացվում. փողոցները պահպանում էին վաղորդյան լռության վերջին շունչը, արևի մեղմ շողերը նոր էին սահում տների տանիքներով, իսկ օդում դեռ կար այն անբացատրելի անդորրը, որը լինում է ամեն ինչից առաջ՝ մինչև օրը կլցվի ձայներով, քայլերով ու իրադարձություններով։
Բայց այս առավոտն ուրիշ էր…
Օրը սովորականի պես չէր սկսվելու։ Մի անտեսանելի, բայց զգալի սպասում կար օդում՝ ինչպես հեռավոր հայրենիքի կանչը, որ երբեմն հասնում է մեզ՝ կտրելով հազարավոր կիլոմետրեր։ Այն անցնում է ժամանակի ու տարածության միջով ու արթնացնում հոգու ամենանուրբ լարերը։ Քիչ անց այս առավոտը Սրբոց Ղևոնդյանց Մայր տաճարի բակում պիտի ներկվեր հայկական գույներով, օդը պիտի հագենար հայկական երգի հնչյուններով և աղոթք հիշեցնող մայրենիով։ Ամեն ինչ պիտի տոնի վերածվեր, իսկ Բրբենքի մի անկյունում պիտի բացվեր մի փոքրիկ դուռ դեպի Հայաստան՝ դեպի մեր հիշողությունները, մեր արմատները, մեր չմարող կարոտն ու այն անտեսանելի կապը, որ մեզ իրար մոտ է պահում՝ անկախ նրանից, թե աշխարհի որ ծայրում ենք ապրում։
Եվ գուցե հենց սա է հրաշքը, երբ հայրենիքը դադարում է աշխարհագրական հասկացություն լինելուց և դառնում մարդկանց միջև ծնվող ջերմություն, միմյանց ձեռք մեկնելու պատրաստակամություն և մի օրհնանքի մեջ՝ խաղաղության հույս։ Օրը հրաշքներ էր խոստանում։ Այստեղ այսօր պիտի հանդիպեին Հայրենիքն ու Սփյուռքը, հիշողությունն ու ներկան, ազգայինը՝ մարդկայինի հետ։ Եվ երբ հնչեր առաջին հայկական մեղեդին, այս արշալույսն այլևս պարզապես օրվա սկիզբ չէր լինելու. այն դառնալու էր մի կտոր Հայաստան՝ Բրբենքի սրտում։
Աշակերտներն այս անգամ դպրոց եկան առավել ուրախ ու բարձր տրամադրությամբ։ Նրանց ջերմորեն դիմավորեցին դպրոցի ուսուցիչները։ Աղոթքի ընթացքում դպրոցականներին իր հայրական օրհնությունը փոխանցեց ԱՄՆ Արևմտյան թեմի առաջնորդ, Գերաշնորհ Տեր Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը։ Նա ներկաներին պատմեց, թե ինչպես մի քանի օր առաջ սաներից մեկն իրեն հարցրել էր. «Ի՞նչ է կյանքը»։ Սրբազան Հայրը, անդրադառնալով այդ հարցին, իր խորհրդածությունները կիսեց նաև ներկաների հետ՝ բացատրելով քրիստոնեական հավատքի ընկալումն ու այդ մեծագույն պարգևի արժեքը հավատացյալի համար։ Այնուհետև դպրոցի տնօրեն, բարեշնորհ Հովհաննես սարկավագ Գումրույանը վերհիշեցրեց, թե նախորդ փառատոնների ընթացքում դպրոցն ինչ նախաձեռնություններով է օգտակար եղել հայրենիքում ապրող մեր հայրենակիցներին։ Ապա բոլորը միասին դիտեցին այդ աշխատանքների մասին պատմող փոքրիկ տեսանյութ։

Փառատոնի մեկնարկն արված էր…
Հրաշքներ են կատարվում, երբ այսքան հայեր մեկտեղվում են։ Կարծես բոլորը տանն էին՝ հայրենիքում, ուր ամեն ինչ գունավոր է ու համեղ։ Բազմամարդ հրապարակը խոսում էր հայերեն, նույնիսկ կերակուրն էր բուրում հայերեն։
Առաջնորդ Սրբազան Հոր կողմից սեղանների օրհնության կարգի կատարումից և միասնական «Տերունական» աղոթքից հետո ազդարարվեց փառատոնի պաշտոնական բացումը։ Հրապարակը ազգային ոգով լցրին մեր տաղանդաշատ հյուրերը՝ «Հայաստան պարի ակադեմիայի» (Armenian Dance Academy) և «Նռանե» երգի և պարի ստուդիայի (Nrane Vocal and Dance Studio) սաները՝ իրենց հմուտ կատարումներով ոգևորելով ներկաներին։ Տոնն ավելի փառավոր ու ծաղկազարդ դարձավ, երբ հայտնվեց «Կարա Բալան», որն իր ծաղիկների կողովի մեջ կարծես Երևանն էր բերել ու բաժանում էր կանանց ու աղջիկներին։

Բայց այս գեղեցիկ տոնի կարևոր խորհուրդը թաքնված էր ոչ միայն հայկական երգի հնչյունների, ազգային մշակույթի գույների ու մարդկանց ժպիտների մեջ։ Այս փառատոնն ուներ մի առաքելություն, որն ավելի մեծ էր, քան պարզապես տոն կազմակերպելը։ Այն բարեգործության, մարդասիրության և հայրենիքի հանդեպ անսահման սիրո դրսևորում էր։ Հանդիսության ողջ հասույթը ծառայելու է բարի նպատակների՝ հայրենիքում ապրող մեր կարիքավոր հայրենակիցների կյանքում մի փոքրիկ լույս վառելու և նրանց սրտերում հույսի նշույլ արթնացնելու համար։
Հաճախ թվում է, թե հայրենիքից դուրս գտնվելով՝ շատ բան անել չենք կարող։ Սակայն մարդասիրությունը հեռավորություն չի ճանաչում․ այնտեղ, որտեղ կա սրտացավություն, աշխարհագրական սահմանները կորցնում են իրենց նշանակությունը։ Բավական է, որ մի սիրտ զգա մյուսի ցավը, մի ձեռք մեկնվի դեպի կարիքավորը, և մի բարի մտադրություն վերածվի իրական գործի։
Բայց չէ՞ որ հենց փոքրիկ կայծից կարող է մեծ ջերմություն ծնվել։ Եվ այսօր Բրբենքի սրտում ծնված այդ ջերմությունը միայն Բրբենքինը չէ․ այն հասնելու է մինչև Հայրենիք՝ այնտեղ, որտեղ ապրող մեր հայրենակիցներն աջակցության, հոգատարության ու հույսի կարիք ունեն։ Հայրենիք սիրելը նշանակում է ոչ միայն երգել նրա մասին, հիշել ու կարոտել նրան, այլև կարողանալ զգալ նրա ցավը, կիսել նրա հոգսը և գործով ապացուցել, որ հեռավորությունը զուտ աշխարհագրություն է՝ տեսանելի միայն քարտեզի վրա։

2026 թվականի հոկտեմբերի 24-ին «Փոքրիկ հրեշտակների» սրտերից ծնված սերն ու առատաձեռնությունը շատ շուտով կհասնեն Հայրենիք՝ իրենց բաժին հոգատարությունն ու աջակցությունը հասցնելով սահմանամերձ բնակավայրերում ապրող իրենց տարեկիցներին։
Եվ մենք հավատում ենք, որ սա մեկ օրվա պատմություն չէ։ Այն պիտի շարունակվի՝ ամեն անգամ մի նոր բարի գործով կամրջելով Բրբենքն ու Հայրենիքը, Սփյուռքն ու Հայաստանը, մարդուն՝ մարդու հետ։
Սոնա Գևորգյան
Ուսուցչուհի





Comments