Ամանորը «Փոքրիկ հրեշտակներ» մայր շաբաթօրյա դպրոցում (Տեսանյութ)
- gumruyan
- 11 hours ago
- 3 min read

Երբևէ մտածե՞լ եք՝ ինչպես է առաջացել Ամանորը։ Հունվարի մեկը որպես տարվա սկիզբ սահմանել է Հուլիոս Կեսարը Ք.ծ.ա. 46 թվականին։ Այն ժամանակի ընթացքում ընդօրինակվեց աշխարհի տարբեր երկրների կողմից և ընդունվեց որպես տարվա սկիզբ։ Օրացույցն իր վերջնական տեսքn ստացավ 16-րդ դարում, երբ Հռոմի պապ Գրիգորիս XIII-ը այն դարձրեց ավելի ճշգրիտ՝ սահմանելով տարվա տևողությունը 365,25 օր։ Նրա պատվին էլ այն կոչվեց գրիգորյան։
Աշխարհի երկրների մեծ մասը Ամանորն ու Սուրբ Ծնունդը նշում է հենց այս տոնացույցով՝ հարմարեցնելով դրանք սեփական ազգային և մշակութային ավանդույթներին։ Սա պատմություն է։ Բայց արդյո՞ք Ամանորը պարզապես պատմություն է։

Մեզանից ամեն մեկը յուրահատուկ սպասումով է պատրաստվում այս տոնին՝ կերտելով սեփական իրողությունը։ Մենք բոլորս հավատում ենք հրաշքների․ մեկը՝ գաղտնի, մյուսը՝ բարձրաձայն։ Իսկ Ամանորը հենց այն սահմանագիծն է, երբ սկսվում է հրաշագործությունների հրավառությունը։ Ամանորի գիշերը աստղերը կարծես ավելի պայծառ են շողում․ նրանք իրենց լույսից կերտում են հրաշքներ ու բաժանում մարդկանց։
Բարությունն է դուռը թակում, սերն է պատում մարդկանց հոգիները, խաղաղությունն է գրկում ողջ մոլորակը, իսկ ժպիտն ու խնդությունը դառնում են սովորական։

Այս տոնական տրամադրությունները 2025 թվականի դեկտեմբերի 20-ին տարածվել էին ԱՄՆ Արևմտյան թեմի Սրբոց Ղևորնդյանց մայր տաճարում։ «Փոքրիկ հրեշտակներ» շաբաթօրյա դպրոցի սաները պատրաստվում էին Սուրբ Ծննդյան հանդեսին։ Նրանցից յուրաքանչյուրը իրական հրաշք է․ ապրելով հայրենի հողից հեռու, «լողալով» մշակութային բազմաշերտ օվկիանոսում՝ նրանք մնում են հավատարիմ իրենց արմատներին ու արյան կանչին։
Այս ամենի ճարտարապետը, հովանավորն ու խրախուսողը ԱՄՆ Արևմտյան թեմն է՝ առաջնորդ գերաշնորհ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի գլխավորությամբ։
Թեմապատկան «Փոքրիկ հրեշտակներ» շաբաթօրյա մայր դպրոցն արդեն 25 տարի իր շուրջն է համախմբում հազարավոր հրեշտակների՝ ապացուցելով, որ մենք եղել ենք, կանք և դեռ պիտի շատանանք։

Առավոտյան տաճարը տոնական էր․ «Փոքրիկ հրեշտակներ»-ը՝ ոգևորված, ծնողները՝ հուզված։ Չէ՞ որ սաները պիտի աղոթեին մայրենի լեզվով, երգեին ու արտասանեին հայերեն, հրաշքներ գործեին հայերեն։ Հրաշքի մեկնարկը տրված էր…
Բացվեցին դահլիճի դռները։ Խորանի առջև աշակերտներն էին՝ պատրաստ իրենց երգով ու խոսքով ավետելու Ամանորն ու Սուրբ Ծնունդը։

Միջոցառման առաջին հատվածում հանդես եկան առաջին և երկրորդ դասարանցիները, հաջորդ մասում՝ երրորդից մինչև յոթերորդ դասարանցիները։ Աշակերտները ներկաներին հիացրեցին իրենց գեղեցիկ ասմունքով, ինչպես նաև նոր տարվա և Սուրբ Ծննդյան երգերի կատարումներով։ Բոլորը մտովի տեղափոխվեցին մանուկների կերտած երազային աշխարհը, որտեղ սերն ու խաղաղությունը թագավորում էին, իսկ ազգային վեհ ու արժանապատիվ ապագան դառնում էր հավատ ու խոստում։
Այդ աշխարհում ժամանակը կարծես դանդաղում էր,և մանկական մաքուր ժպիտները խոսում էին մաշտոցաշունչ բառերով։Այստեղ սերն էր առաջնորդը, խաղաղությունը՝ ուղեկիցը,իսկ հավատը՝ լուսավոր ճանապարհը։

Մանուկների արտասանած աղոթքներն ու մաղթանքները թևածում էին դեպի երկինք՝ բերելով հույս ու օրհնություն բոլորիս համար։Եվ այդ երազային աշխարհում ձևավորվում էր մեր վաղվա օրը՝ազգային արժանապատվությամբ, հայկական ոգով ու անսասան հավատքով։
Հետաքրքրական էր նաև այն, որ ողջ միջոցառման ընթացքում պաստառի վրա սահիկներով ցուցադրվում էին աշակերտների հայատառ նամակները՝ ուղղված առատաձեռն Ձմեռ պապիկին։
Վերջում ներկաներին իր սրտի խոսքը փոխանցեց ԱՄՆ Արևմտյան թեմի շաբաթօրյա վարժարանների հոգևոր տեսուչ և «Փոքրիկ հրեշտակներ» շաբաթօրյա դպրոցի տնօրեն, բարեշնորհ Հովհաննես սարկավագ Գումրույանը։ Ապա նա հրավիրեց աշակերտների ամենասիրելի Հովնան սրբազանին, որն իր օրհնությանն արժանացրեց ներկաներին, հատկապես՝ աշակերտներին և դպրոցի անձնակազմին։

Առաջնորդն իր խոսքում ողջունեց նաև հանդեսին ներկա՝ հայրենիքից ժամանած հյուր հոգևորականներին, ինչպես նաև մասնավոր գնահատանքի արժանացրեց եկեղեցու հովիվ, արժանապատիվ Տ. Խաժակ քահանա Շահբազյանին և երկարամյա մանկավարժ, գիտակրթական հանձնախմբի ատենապետ, դոկտ. Էլլի Անդրեասյանին։ Այնուհետև Հովնան սրբազանը, իր նախնական պայմանավորվածության համաձայն, ներս հրավիրեց ավանդական Ձմեռ պապիկին։ Վերջինս անզուգական երգերով, ջերմ բարեմաղթանքներով և հայրենիքից բերած նվերներով դպրոցական հանդեսը դարձրեց անմոռանալի ու գեղեցիկ տոնակատարություն։
Օրվա խորհրդի պատգամն ու ցանկությունը հստակ էր․ թող մեր կյանքում միշտ հրաշքներ պատահեն, և երբեք չդադարենք հավատալ դրանց։ Չէ՞ որ մենք մի քիչ մանուկ ենք դառնում, երբ աշխարհից գաղտնի հավատում ենք այդ հրաշքներին։ Փայփայենք այդ անմեղ երազանքը, որը մեզ ջերմություն ու հույս է տալիս։ Թող գալիք տարին լինի երազանքների կատարման հրավառության տարի։ Թող սերը, լիությունը, ծիծաղն ու բարությունը լինեն մեր հավատարիմ ուղեկիցները, իսկ խաղաղությունը՝ մշտամնա գերիշխանությունը՝ Աստծու հովանու ներքո։
-Շնորհավո՜ր Ամանոր և Սուրբ Ծնունդ։
-Քրիստոս ծնվեց և հայտնվեց։
-Օրհնյալ է Ծնունդն ու Աստվածահայտնությունը Քրիստոսի։
Սոնա Գևորգյան
Ուսուցչուհի





Comments