Ամանորյա ուրախ հանդես Ֆրեզնոյում
- gumruyan
- 11 hours ago
- 2 min read

2025թ. դեկտեմբերի 14-ին Ֆրեզնոյի Սուրբ Պողոս եկեղեցու սրահը վերածվել էր իսկական տոնական օջախի․ այստեղ կայացավ վարժարանի 33-րդ ամանորյա ուրախ հանդեսը՝ Հովհաննես և Նազելի Քութներյանների հովանավորության ներքո։ Ամանորյա հանդեսը մեծ ոգևորությամբ ու ջերմ մասնակցությամբ համախմբեց նախկին և ներկա աշակերտներին, նրանց ընտանիքներին, ուսուցիչներին, հոգևոր հովվին և համայնքի բազմաթիվ անդամների։ Սրահը զարդարված էր ամանորյա շնչով՝ փայլուն լույսերով, Հիսուսի ծնունդը ներկայացնող պաստառով, գունեղ զարդարանքներով և գեղեցիկ տոնածառով, որոնք ստեղծել էին հեքիաթային ու տոնական միջավայր։
Հանդեսը բացվեց վարժարանի տնօրենուհու ջերմ ողջույնի խոսքով և հոգևոր հովվի Տեր Եսայու աղոթքով ու օրհնությամբ, այնուհետև մասնակիցները ճաշակեցին համեղ ուտեստները, որից հետո սկսվեց բազմաբովանդակ և գունեղ ծրագիրը։ Վարժարանի տարբեր դասարանների սաները հերթով ներկայացրին իրենց պատրաստած համարները՝ աղոթք, հայերեն ասմունքներ, ազգային և ամանորյա երգեր, ուրախ պարեր, դաշնամուրային, հարվածային գործիքների և ջութակի նվագակցություններ, Քաջ Նազարի և Ուստիանի հումորային ներկայացումը և իհարկե՝ Հիսուսի ծննդյան զարմանահրաշ պատմության խորհրդավոր բեմականացումը։
Վարժարանի սաները մեծ պատասխանատվությամբ ու անկեղծ ոգևորությամբ էին ելույթ ունենում՝ ցույց տալով իրենց սերը հայ լեզվի, մշակույթի և ավանդույթների նկատմամբ։ Յուրաքանչյուր ելույթ ընդունվում էր ներկաների ջերմ ծափահարություններով ու խանդավառ արձագանքներով։Հատուկ հուզիչ ու հիշարժան էին այն պահերը, երբ բեմում հնչում էին հայրենասիրական և բարեմաղթանքներով լի խոսքերն ու երգերը՝ հիշեցնելով ներկաներին նոր տարվա խորհուրդը՝ հույս, հավատ և նոր սկիզբ։ Միջոցառմանը յուրահատուկ գույն հաղորդեց, երբ Քաջ Նազարն ու Ուստիանը Ձմեռ պապիկի հետ ուրախ պարելով դահլիճ մտան, որոնք երեխաներին դիմավորեցին ուրախ խոսքով, խաղերով ու ծիծաղով։ Փոքրիկները մեծ անհամբերությամբ և ոգևորությամբ ստացան իրենց ամանորյա գեղեցիկ նվերները՝ լցված ուրախությամբ ու մանկական անկեղծ երջանկությամբ։

Միջոցառման ընթացքում բազմիցս ընդգծվեց ուսուցիչների անսահման նվիրված աշխատանքը, որոնց ջանքերի շնորհիվ երեխաները ոչ միայն սովորում են հայերեն կարդալ ու գրել, այլև ծանոթանում են հայկական պատմությանը, մշակույթին ու քրիստոնեական արժեքներին։ Այսպիսի իրադարձությունները կարևոր դեր ունեն համայնքային կյանքի ամրապնդման և սերունդների միջև կապի պահպանման գործում։ Բոլոր ներկա և նախկին ուսուցիչները ծնողների ու ներկաների կողմից արժանացան բարձր գնատանքի, ծափողջույնների և գունագեղ ծաղկեփնջերի։

Ծնողական խորհուրդը մեծ օգնություն ցուցաբերեց ուսուցչական անձնակազմին, որպեսզի հանդեսն անցնի բարձրագույն կազմակերպվածությամբ։Ամանորյա ուրախ միջոցառումը ավարտվեց բարձր տրամադրությամբ, փոխադարձ շնորհավորանքներով ու բարեմաղթանքներով։ Ներկաները հեռացան լի դրական հույզերով և հավատով, որ գալիք Նոր տարին Սուրբ Պողոս եկեղեցու շաբաթօրյա հայկական վարժարանի սաների և ամբողջ համայնքի համար կբերի խաղաղություն, առողջություն, նոր հաջողություններ ու լուսավոր ապագա։ Մեծ ու փոքր բոլորն իրար բարձր տրամադրությամբ ողջագուրվեցին , ասելով՝
ՇՆՈՐՀԱՎՈՐ ԱՄԱՆՈՐ ԵՎ ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴ։
ԹՈՂ ՄԱՆՈՒԿ ՀԻՍՈՒՍԻ ԾՆՈՒՆԴԸ ՕՐՀՆՈՒԹՅՈՒՆ ՈՒ ԼՈՒՅՍ ԲԵՐԻ ԲՈԼՈՐ ՀԱՅ ՕՋԱԽՆԵՐՈՒՄ։
ՔՐԻՍՏՈՍ ԾՆԱՎ ԵՎ ՀԱՅՏՆԵՑԱՎ,ՁԵԶ ԵՎ ՄԵԶ ՄԵԾ ԱՎԵՏԻՍ:
Մարգարիտ Դումանյան
Դպրոցի տնօրեն





Comments