ԱՌՑԱՆՑ ՀԱՆԴԻՊՈՒՄ ՍԱՆ ԴԻԵԳՈՅԻ ՍՈՒՐԲ ՍԱՐԳԻՍ ՇԱԲԱԹՕՐՅԱ ԴՊՐՈՑԻ ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ

2026 թ. սեպտեմբերի 22-ին տեղի ունեցավ ԱՄՆ Արևմտյան թեմի շաբաթօրյա վարժարանների հոգևոր տեսուչ, բարեշնորհ Հովհաննես սարկավագ Գումրույանի և Գիտակրթական հանձնախմբի ատենապետ դոկտոր Էլլի Անդրեսյանի առցանց հանդիպումը Սան Դիեգոյի Սուրբ Սարգիս Առաքելական եկեղեցու շաբաթօրյա դպրոցի ղեկավարության հետ։
Հանդիպմանը մասնակցում էին դպրոցի նախկին տնօրեն Տատյանա Կարլսոնը, նորանշանակ տնօրեն Մարալ Սեմերճյանը, փոխտնօրեն Ռոմինա Զարյանը և Սուրբ Սարգիս եկեղեցու Հոգաբարձուների խորհրդի անդամ Կլավդիա Տեր-Մարտիրոսյանը։
Ժողովն սկսվեց Տերունական աղոթքով, որից հետո մասնակիցներն անցան օրակարգում ընդգրկված կրթական, կազմակերպչական և ընթացիկ հարցերի քննարկմանը։
Նախ երախտագիտություն հայտնվեց Տատյանա Կարլսոնին՝ տարիների նվիրյալ ծառայության և դպրոցի կրթական առաքելության մեջ ունեցած ավանդի համար, ապա կրթօջախի ղեկավարությունն ստանձնած Մարալ Սեմերճյանին և փոխտնօրեն Ռոմինա Զարյանին մաղթեցին հաջողություններով ու ձեռքբերումներով լի գործունեություն՝ ի նպաստ հայ մանուկների դաստիարակության։
Գնահատանքի արժանացավ նաև Կլավդիա Տեր-Մարտիրոսյանի մասնակցությունը ժողովին և նրա պատրաստակամությունը՝ նպաստելու դպրոցի ու եկեղեցու Հոգաբարձուների խորհրդի միջև սերտ և շարունակական համագործակցությանը։
Ժողովականները երախտագիտության խոսք ասեցին նաև Սուրբ Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ, հոգեշնորհ Տ. Բագրատ ծայրագույն վարդապետ Պերճեքյանին, Հոգաբարձուների խորհրդի նախագահ դոկտոր Արազ Ատուրյանին և ողջ պաշտոնեությանը, որոնք մշտական հոգածությամբ ու պատրաստակամությամբ աջակցում են շաբաթօրյա դպրոցի կրթական առաքելությանը։
Օրակարգի կարևոր հարցերից մեկը դպրոցի ժամանակավոր տեղափոխությունն էր։ Սուրբ Սարգիս եկեղեցու տարածքում սկսված շինարարական աշխատանքների պատճառով շաբաթօրյա դպրոցն իր դասընթացները ժամանակավորապես անցկացնում է եկեղեցուց ոչ հեռու գտնվող մեկ այլ քրիստոնեական եկեղեցու տարածքում, որի ղեկավարությունը սիրահոժար և անհատույց տրամադրել է անհրաժեշտ դասասենյակները՝ հնարավորություն տալով առանց ընդհատման շարունակել ուսումնական գործընթացը։
Կլավդիա Տեր-Մարտիրոսյանը տեղեկացրեց, որ, ըստ արժանվույն գնահատելով ցուցաբերված հյուրընկալությունն ու բարեկամական վերաբերմունքը, Սուրբ Սարգիս եկեղեցու Հոգաբարձուների խորհուրդը որոշել է ամսական որոշակի գումար հատկացնել՝ տարածքի օգտագործման հետ կապված ընթացիկ ծախսերին մասնակցելու նպատակով։
Հովհաննես սարկավագը բարձր գնահատեց ստեղծված պայմաններում դպրոցի բնականոն աշխատանքը շարունակելու ուղղությամբ կատարված ջանքերը։ Նա հավաստիացրեց, որ Արևմտյան թեմի շաբաթօրյա վարժարանների հոգևոր տեսչությունը՝ թեմակալ առաջնորդ Գերաշնորհ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի օրհնությամբ, մշտապես պատրաստ է իր աջակցությունը բերելու դպրոցին և նրա ղեկավարությանը՝ կրթական ու կազմակերպչական նախաձեռնությունների իրականացման գործում։
Հանգամանալից քննարկվեցին նաև կրթական ծրագրերին, աշակերտների՝ ըստ տարիքային և գիտելիքային մակարդակների դասարաններում բաշխմանը, դասագրքերին և ուսումնական նյութերին վերաբերող հարցեր։ Առաջնորդարանի ներկայացուցիչները տեղեկացրին, որ առաջիկայում դպրոցին կուղարկվեն նոր դասագրքերի օրինակներ, ինչպես նաև Արևմտյան թեմի շաբաթօրյա վարժարանների ցանցում գործածվող ուսումնական ծրագրերը՝ դրանք ըստ անհրաժեշտության կիրառելու համար։
Առանձնակի ուշադրություն դարձվեց դպրոցականների ուսումնառության շարունակականությանը։ Կարևորվեց այնպիսի կրթական միջավայրի ստեղծումը, որը երեխաներին և պատանիներին կխրախուսի հնարավորինս երկար շարունակելու իրենց կրթությունը շաբաթօրյա վարժարանում՝ խորացնելով մայրենի լեզվի իմացությունը և ամրապնդելով կապը հայոց պատմության, մշակույթի, հավատքի ու ազգային ժառանգության հետ։
Այս առումով կարևորվեց նաև այն հանգամանքը, որ Արևմտյան թեմի շաբաթօրյա վարժարանների կրթական ցանցը հավատարմագրված է WASC-ի կողմից։ Ընդգծվեց, որ դա վկայում է կրթական բարձր չափանիշների պահպանման և ուսուցման որակի շարունակական բարելավման ուղղությամբ տարվող աշխատանքի մասին՝ միաժամանակ ամրապնդելով ծնողների վստահությունն ու խրախուսելով աշակերտներին շարունակելու իրենց հայեցի կրթությունը։
Եկեղեցու և դպրոցի համագործակցությանն անդրադառնալիս տիկին Տեր-Մարտիրոսյանին խնդրեցին դպրոցի մտահոգություններն ու կարիքները մշտապես փոխանցել Հոգաբարձուների խորհրդին, իսկ նրանց առաջարկներն ու դիտարկումները՝ դպրոցի ղեկավարությանը։ Ընդգծվեց, որ փոխադարձ վստահության և կանոնավոր հաղորդակցության վրա հիմնված համագործակցությունը կարևոր է դպրոցի առջև ծառացող հարցերին ժամանակին և արդյունավետ լուծումներ գտնելու համար։
Քննարկվեց նաև շաբաթօրյա դպրոցի տարեկան օրացույցի համակարգման հարցը։ Առաջարկվեց յուրաքանչյուր ուսումնական տարվա սկզբին նախատեսվող միջոցառումների և ծրագրերի օրացույցը ներկայացնել Հայր Բագրատին՝ նրա հավանությունն ստանալու և եկեղեցու մյուս կառույցների ու միությունների ծրագրերի հետ հնարավոր ժամանակային համընկնումներից խուսափելու համար։
Ժողովի ընթացքում անդրադարձ կատարվեց նաև դպրոցի ֆինանսական կայունությանն ու ինքնաբավությանը։ Խորհուրդ տրվեց տարվա ընթացքում շարունակել կրթական, մշակութային և համայնքային ծրագրերի իրականացումը, որոնք, հարստացնելով աշակերտների կրթական ու մշակութային կյանքը, միաժամանակ կարող են լրացուցիչ միջոցներ ապահովել դպրոցի ընթացիկ կարիքների և հետագա ծրագրերի համար։ Կարևորվեց, որ նման նախաձեռնություններից գոյացած հասույթը ծառայի դպրոցի հիմնական առաքելությանը։
Առցանց հանդիպումն անցավ գործնական և կառուցողական մթնոլորտում՝ վերահաստատելով բոլոր կողմերի պատրաստակամությունը՝ համատեղ ջանքերով զորացնելու Սան Դիեգոյի հայ համայնքի մատաղ սերնդի կրթության ու դաստիարակության գործը և առավել ամուր հիմքերի վրա շարունակելու շաբաթօրյա դպրոցի կարևոր առաքելությունը։
Թղթակից





Comments