top of page

Բացառիկ պատմական տեսանյութ Պարույր Սևակից

  • 1 day ago
  • 1 min read

1968 թվականի հունիսի 21-28-ը Ղազախստանում անցկացվում է հայ գրականության ու արվեստի շաբաթը։ Այս առթիվ Հայաստանից պետական պատվիրակություն է ուղևորվում Ալմա-Աթա, որի կազմում ընգրկվում են մի շարք արվեստի գործիչներ՝ գրողներ, նկարիչներ, քանդակագործներ, երգիչներ։ Նրանց թվում էր նաև Պ. Սևակը։

Տոնական շաբաթվա ընթացքում հայկական պատվիրակության անդամները մասնակցում են տարատեսակ միջոցառումների, այդ թվում՝ ծաղկեպսակ են դնում ղազախ մեծ գրող Աբայ Կունանբաևի (1845-1904) հուշարձանի պատվանդանին (տե՛ս լուսանկարը)։ Մինչև հիմա թանգարանի արխիվում եղած նյութերից այս լուսանկարը եզակի վկայությունն էր վերը հիշատակված արվեստի շաբաթի մասին։

Բայց վերջերս երջանիկ պատահականությամբ Հայաստանի Հանրային հեռուստաընկերության արխիվի աշխատակիցները հայտնաբերել են մի տեսանյութ, որը նկարահանվել է հենց Ղազախստանում հայ գրականության ու արվեստի շաբաթվա ընթացքում։ Ինչպես գիտեք, Պ. Սևակի մասնակցությամբ տեսագրություններ գրեթե չեն պահպանվել. միակը, որ թերևս բոլոր սևակասերները տեսել են, իր երևանյան բնակարանի աշխատասենյակում արված մի քանի «համր» կադրերն են։

Այսօր, սակայն, մեծ ուրախությամբ ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մոտ մեկ րոպե տևողությամբ մի տեսանյութ, ուր ոչ միայն կարող ենք տեսնել Պ. Սևակին, այլև լսել նրա կենդանի ձայնը։ Հիշատակված տոնական շաբաթվա ընթացքում Ղազախստանի պետական պատկերասրահում բացվում է հայ կերպարվեստի նմուշների ժամանակավոր ցուցահանդես։ Ներկայացված գործերի թվում են լինում նաև «Անլռելի զանգակատուն» պոեմի համար արված Գրիգոր Խանջյանի հրաշալի նկարազարդումները։ Եվ, դրանց մոտ կանգնած, Պ. Սևակը պատմում է իր պոեմի հիմնական գաղափարի, ինչպես նաև գլխավոր հերոսի՝ Կոմիտասի մասին։ Սևակը խոսում է ռուսերեն, քանի որ տեսանյութը նկարահանվել է ղազախստանյան հեռուստատեսության և հանդիսատեսի համար։

Հունվարի 24-ին՝ Պ. Սևակի 102-րդ տարեդարձին, տեսանյութը առաջին անգամ հանրային ցուցադրվեց բանաստեղծի տուն-թանգարանում։

Լիահույս ենք, որ ապագայում ևս կգտնվեն այսպիսի գանձեր։



Comments


© 2023 by HAYLURUSA

Website by

self logo.png
bottom of page