top of page

ԳԻՐՔԸ, ՏԱՂԱՆԴԸ ԵՎ ԳԱՐՆԱՆ ՋԵՐՄՈՒԹՅՈՒՆԸ՝ ՄԵԿ ԴՊՐՈՑՈՒՄ

  • 14 hours ago
  • 2 min read

ԱՄՆ Արևմտյան թեմի շաբաթօրյա դպրոցները, առաջնորդ գերաշնորհ Տ․ Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի օրհնության և հայրական հոգածության ներքո, այսօր վերածվել են համայնքային հոգեմտավոր զարթոնքի իրական փարոսների՝ լուսավորելով սերունդների ուղին ազգային ինքնության, լեզվի և հավատքի պահպանման ճանապարհին։ Այդ լուսավոր շղթայի արժանավոր օղակներից է նաև Սանտա Կլարիտայի Ս. Սարգիս եկեղեցու շաբաթօրյա դպրոցը, որը ոչ միայն կրթօջախ է, այլև այս շրջանի կենդանի զարկերակը և համայնքի հպարտությունը։ Այստեղ մշտապես թևածում է մաշտոցյան անմար շունչը՝ որպես լեզվի և գրի հավերժության խորհրդանիշ, իսկ Էջմիածին-ից ճառագող հոգևոր ջերմությունը, կարծես անտեսանելի թելով միավորում է հայրենիքն ու սփյուռքը։ Այստեղ յուրաքանչյուր դաս, յուրաքանչյուր միջոցառում դառնում է ոչ միայն գիտելիքի փոխանցում, այլև ազգային հիշողության վերարթնացում, որտեղ աճում է մի սերունդ՝ արմատներով ամուր, հայացքով՝ վստահ և սրտով՝մաքուր ու խիզախ։

Փետրվարի 19-ը՝ Ամենայն հայոց մեծ բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը, Հայաստանում վաղուց արդեն վերածվել է մշակութային ջերմ ու խորհրդանշական տոնի։ 2008 թ․-ից ի վեր այն նշվում է որպես Գիրք նվիրելու օր՝ դառնալով գրքի, գիտելիքի և հոգևոր հարստության փառաբանման յուրօրինակ տոն։

Այս գեղեցիկ ավանդույթը սիրով շարունակվում է նաև Սանտա Կլարիտայի Ս. Սարգիս եկեղեցու շաբաթօրյա դպրոցում, որտեղ առաջին և վեցերորդ դասարանի սաները, կարծես փոքրիկ լույսեր ձեռքին, միմյանց փոխանցեցին գիտելիքի ջահը՝ փոխանակելով ինչպես հայերեն, այնպես էլ անգլերեն հետաքրքրաշարժ գրքեր։Վերջիններից  էջերը շրշում էին ինչպես գարնան առաջին քամին, իսկ երեխաների աչքերը փայլում էին այնպես, կարծես յուրաքանչյուր հատոր մի նոր աշխարհ էր բացում իրենց առջև։ Նրանց անկեղծ ուրախությունն ու ոգևորությունը վկայում էին մի կարևոր ճշմարտության մասին՝ գիրքը դեռ ապրում է երեխաների սրտերում, և այդ սերը ոչ միայն պահպանվում, այլև աճում է։

Մարտի 7-ին նույն վարժարանում տիրում էր արդեն մի այլ՝ ստեղծագործական շունչով լեցուն մթնոլորտ։ Կայացավ ամենամյա՝ թվով 9-րդ «Տաղանդ» ցուցադրությունը, որը վերածվեց իսկական տոնի՝ լի գույներով, հնչյուններով և զգացմունքներով։Դպրոցի շնորհաշատ սաները բեմ բարձրացան վստահ քայլերով՝ մեկը՝ երաժշտական գործիքների մեղեդիներով լցնելով դահլիճը, մյուսը՝ ասմունքի միջոցով փոխանցելով խոսքի կախարդանքը։ Յուրաքանչյուր ելույթ կարծես փոքրիկ աստղ էր, որը փայլում էր իր առանձնահատուկ լույսով։ Այս տարվա ցուցադրությունն էլ, ինչպես նախորդները, դարձավ հիշարժան ու հպարտության առիթ՝ ապացուցելով, որ տաղանդը այստեղ ոչ թե բացառություն է, այլ բնական շարունակություն։

Գարունը դպրոցում ամբողջությամբ բացվեց մարտի 8-ի՝ Կանանց միջազգային օրվա ջերմ ու լուսավոր շնչով։ Այս օրը, որը հռչակված է Միավորված ազգերի կազմակերպության կողմից որպես կանանց իրավունքների, հավասարության և ձեռքբերումների տոն, արդեն տարիներ շարունակ նշվում է նաև դպրոցում՝ վերածվելով սիրո և երախտագիտության իրական տոնի։

Դասարաններում տիրող եռուզեռը հիշեցնում էր մեղվանոց՝ լի աշխատանքով, ջերմությամբ ու ստեղծագործական խանդավառությամբ։Աշակերտների մի մասը սրտի խորքից բխող խոսքերով պատրաստում էր յուրօրինակ բացիկներ՝ դրանք նվիրելով իրենց մայրերին, իսկ մյուսները, իրենց ձեռքերով ստեղծելով գեղեցկություն, պատրաստում էին վզնոցներ, նկարազարդում գոգնոցներ և կազմավորում նրբագույն ծաղկեփնջեր։Յուրաքանչյուր աշխատանք կրում էր ոչ միայն գեղագիտական արժեք, այլև զգացմունք՝ սեր, շնորհակալություն և հարգանք։

Ծնողների արձագանքները երկար սպասեցնել չտվեցին․ նրանք հուզվել էին մինչև հոգու խորքը՝ իրենց երեխաների ջերմ վերաբերմունքից և անակնկալներից։ Այդ օրը դպրոցը լցված էր ոչ միայն գարնան բույրով, այլև ընտանեկան սիրո անտեսանելի, բայց զգալի ջերմությամբ։

Սակայն դպրոցական կյանքի այս գեղեցիկ շարքը դեռ շարունակություն ունի։ Առջևում են Ծաղկազարդին ու Զատիկին նվիրված բազմաթիվ միջոցառումներ, որոնք պատրաստվում են նույն ոգևորությամբ և սիրով։ Դրանք խոստանում են դառնալ համայնքի և ծնողների համար նորից միավորվելու, ուրախանալու և ազգային արժեքները միասին վերապրելու հրաշալի առիթ։

Այսպես, Ս. Սարգիս շաբաթօրյա դպրոցը շարունակում է մնալ ոչ միայն կրթության, այլև մշակույթի, ստեղծագործության և սիրո կենդանի օջախ՝ որտեղ յուրաքանչյուր օր դառնում է մի փոքրիկ տոն, իսկ յուրաքանչյուր երեխա՝ այդ տոնի պայծառ կրողը։


Թղթակից

Comments


© 2023 by HAYLURUSA

Website by

self logo.png
bottom of page