Գյումրվա Թրամփը
- gumruyan
- Mar 16
- 3 min read

Գյումրիի ավագանու արտահերթ ընտրությունները տեղի են ունենալու 2025 թ.-ի մարտի 30-ին։ Թե ինչու՞ է այն արտահերթ, երբ կար ընտրված քաղաքապետ և գործող իշխանություն, դա այլ գրության թեմա է, որին այսօր չենք ցանկանում անդրադառնալ։
Գրանցված են 9 կուսակցություն և դաշինք։ Հիմնական ֆավորիտներից մեկը, բնականաբար, «Քաղաքացիական Պայմանագիր» կուսակցության քաղաքապետի թեկնածու և քաղաքապետի պաշտոնակատար Սարիկ Մինասյանն է՝ իշխանական անսպառ լծակներով։ Գործող իշխանություններն ունեն նաև իրենց համախոհ մասնակից ուժերը, որոնք ամենայն հավանականությամբ կամ չեն հաղթահարելու բավարար շեմը, կամ էլ, այլ կերպ ասած, հաջողության պարագայում, աջակցելու են գործող իշխանություններին։ Թե որոնք են դրանք, գյումրեցիները լավ գիտեն, օրինակ՝ «Եվրադաշինք» կուսակցությունների դաշինքը, «Ապրելու երկիր» կուսակցությունը և այլն։ Իսկ իրականում թե՛ Սարիկ Մինասյանը, թե՛ վերոնշյալ դաշինքի և կուսակցության ղեկավարները յուրօրինակ հայկ կոնջորյաններ են, որոնք ի շահ սեփական որկորի և ամբարտավանության դավաճանել են «Լուսավոր Հայաստան» կուսակցությանն ու Էդմոն Մարուքյանին։ Անկեղծ լինելու պարագայում, պետք է նշել, որ վերը հիշատակվածների ընտրության հավանականությունն ավելի մեծ կլիներ, եթե նրանք հավատարիմ մնային «Լուսավոր Հայաստան»-ին և նրա գաղափարներին, որովհետև կեղծ օգտատերերի ու համբակների կողմից որքան էլ փորձվել է ցեխ շպրտել Մարուքյանի հասցեին, այնուամենայնիվ հասարակության մեջ հստակ է մեկ բան, որ նա զարգացած, բանիմաց քաղաքական գործիչ է։
Թեկնածուների մյուս կարևոր մասն էլ, ի հարկե անտեսելով բախտախնդիրներին, կարելի է ասել նրանք են, որոնք առնչվում են խորհրդարանական ընդիմությանը՝ արտահայտելով 2-րդ և 3-րդ նախագահների քաղաքական հայացքները՝ ներառելով նոր երևան եկած մեղադրանքներն ու հակասությունները։
Այս ամենով հանդերձ և վերոնշյալից զատ, առանձնանում և ինչ որ ձևերով բոլորից տարբերվում է մեր Գյումրվա Թրամփը՝ նույն ինքը նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը։

Վերջինս երկար տարիներ ղեկավարել է քաղաքը, կատարել է ակնառու, մեծամեծ գործեր, որոնք չեն սահմանափակվել իր կառավարման տարիներով, այլ շարունակվում են մինչև հիմա։ Քաղաքապետից զատ Ղուկասյանը եղել է ԱԺ պատգամավոր և այլն։ Միայն այն, որ ներկայիս իշխանությունների համար ամենավտանգավոր թեկնածուն Վարդան Ղուկասյանն է, այս պահին, դա արդեն խոսում է վերջինիս արժանավորության մասին։
Իսկ ինչու՞մ են մեղադրում նրան։
Ընթերցողները կվկայեն, որ գիտակից հասարակությունը հոգնել է լսել միևնույն սուտը բոլորի մասին՝ թալան, կրիմինալ և այլն։ Եթե վարչապետ Փաշինյանի Գյումրիում նախընտրական դրամահավաքի ժամանակ հնչեցված թալանի թվերը ճիշտ էին, ինչու՞ անցնող երկար տարիների ընթացքում այն հետ չի վերադարձվել։ Պատասխանը հստակ է․ կամ այդ նախընտրական ելույթը հերթական աճպարարությունն էր, կամ եթե մեղադրանքները իրական են, ուրեմն կառավարությունն այն բացահայտելու անկարողությամբ է տառապում։ Այս պարագայում դատական համակարգը պետք է ուսումնասիրի տվյալ հայտարարությունների իսկությունը և քաղաքական ղեկավարներին «հատիկ առ հատիկ․․․ կամ ռենջրովեր առ ռենջրովեր» պատասխանատվության կանչի զրպարտության համար։
Վարդան Ղուկասյանին մեղադրում են կրիմինալի մեջ, կրկին հարց է առաջանում, այդ պարագայում ՔՊ-ականներն ի՞նչ կարող են ասել զոռով շառով Վանաձորի քաղաքապետի պաշտոնակատար դարձրած, ՔՊ-ի սիրելի Արկադի Փելեշյանի մասին, որի ոչ միայն կասկածելի անցյալն ու ներկան, այլև գրագիտությունն ու ընդհանրապես զարգացածության շեմը գտնվում է գերեզմանափոսից ավելի խորը գտնվող անդունդում։
Վերջապես, ինչ վերաբերում է մեր գյումրվա Թրամփին՝ Վարդան Ղուկասյանին, պետք է ընդգծել, որ վերնագրի մեջ միամտություն կլիներ քաղաքական կախվածության եզրեր գտնել ԱՄՆ նախագահի և նախկին քաղաքապետի միջև։ Սակայն ի հակադրություն բոլոր բամբասանքների՝ ցանկանում ենք մեր գյումրեցի հայրենակիցներին հիշեցնել, որ Թրամփը Վարդան Ղուկասյանի նման, որոշ ժամանակ կորցրել էր իր քաղաքական իշխանությունը։ Այդ ընթացքում նա ԱՄՆ այն եզակի նախագահներից է, որ ոչ միայն կանգնել է դատարանի առջև, այլև դատապարտվել։ Սակայն այդ ժամանակաշրջանում կարողացել է վերլուծել սխալներն ու բացթողումները և այժմ տղամարդկային, անվախ ու համարձակ որոշումներով առաջ է տանում երկիրն ու իր կարևոր մասնակցությունը բերում համաշխարհային գործընթացներին։
Արդարության դեմ չմեղանչելու համար պետք է նշել, որ մենք անձնապես չենք ճանաչում Վարդան Ղուկասյանին, սակայն հավատում ենք, որ ընտրության պարագայում իր փորձառությամբ անելու է ամեն ինչ, որպեսզի Գյումրին շարունակի հառնել ավերակներից՝ վերակագնելով իր երբեմնի փառքն ու հմայքը։
Հայրենիքին անհրաժեշտ են լուրջ քաղաքական փոփոխություններ և տա՛ Աստված, որ դրանք կրկին մեկնարկեն Գյումրիից՝ ի սեր մեր հայրենիքի և տառապյալ ժողովրդի։
Գյումրեցիներն իմաստուն են և այլևս չեն հանդուրժելու մաշված ստերն ու ոչ ավանդական արժեքների սերմանումը, քանի որ փոքր հաջողություններով են պայմանավորում նաև վաղվա, լուսավոր հաղթանակները։
Թղթակից
Comments