top of page

Ծաղիկներ նրանց, ովքեր չհասցրին ծաղկել (Տեսանյութ)

1 day ago
1 min read

Updated: 19 hours ago


Հայաստանը մեզ համար միայն բնօրրան չէ․ այն մեր պատմությունն է, մեր ինքնությունն ու մեր սերունդների ապագան։ Եվ այդ բիբլիական երկրի ազատ ու անկախ գոյությունը յուրաքանչյուր իրական հայի համար առանձնահատուկ արժեք ունի։

Անկախության ճանապարհը նաև հիշողություն է նրանց մասին, ովքեր իրենց կյանքը նվիրեցին հայրենիքին։ Այդ հիշատակի խորհրդանշական տարեթվերից է 2020 թվականի սեպտեմբերի 27-ը՝ 44-օրյա կործանարար պատերազմի մեկնարկի օրը։

Ավանդույթի համաձայն՝ տարելիցին ընդառաջ ԱՄՆ Արևմտյան թեմի առաջնորդանիստ Սրբոց Ղևոնդյանց Մայր տաճարի «Փոքրիկ հրեշտակներ» շաբաթօրյա դպրոցի սաները, ուսուցիչներն ու ծնողները եկեղեցի էին եկել ծաղիկներով՝ հարգանքի տուրք մատուցելու հայրենիքի համար նահատակված մեր մարտիրոսներին՝ նրանց, ովքեր, որպես ծաղիկներ, այդպես էլ չհասցրին բացվել։

Եկեղեցում արժանապատիվ Տ․ Խաժակ քահանա Շահբազյանը ներկաներին փոխանցեց առաջնորդ՝ գերաշնորհ Տ․ Հովնան արք․ Տերտերյանի օրհնությունն ու հայրական պատգամը։ Այնուհետև սաները, ուսուցիչների և կամավորների առաջնորդությամբ, շարժվեցին դեպի եկեղեցու հարևանությամբ գտնվող՝ 44-օրյա պատերազմի նահատակների հիշատակին նվիրված խաչքարը։ Այստեղ «Փոքրիկ հրեշտակները» արժանաշնորհ Տ․ Նժդեհ քահանա Քեշիշյանի և դպրոցի տնօրեն, բարեշնորհ Հովհաննես սարկավագ Գումրույանի հետ արտասանեցին Տերունական աղոթքը, ապա հոգեհանգստյան կարգից հետո ծաղիկներ խոնարհեցին խաչքարի առջև։

Եկեղեցու բակում հպարտությունն ու թախիծը թևանցուկ շրջում էին՝ մոտենալով անցորդներին ու ներկաներին։ Լուռ զրույցի պես նրանք մեկի աչքերին արցունք էին բերում, մյուսին ստիպում էին կոկորդում սեղմել ցավը, իսկ երրորդին՝ լուռ խնդրել, որ իրենց աղոթքներում միշտ հիշեն մեր սուրբ մարտիրոսներին։

Այդ օրը կրթօջախի համար դարձավ ոչ միայն հիշատակի, այլև հայրենիքի հանդեպ սիրո ու պարտքի մի փոքրիկ դաս։ Սաները եկեղեցուց գնացին դասարաններ՝ իրենց հետ տանելով աղոթքի խորհուրդն ու այն գիտակցումը, որ մեր նահատակների հիշատակը պահպանվում է նաև նոր սերնդի հավատքի, հայրենասիրության, պահանջատիրության և երախտագիտության մեջ։


Լյուբա Ավագյան

Ուսուցչուհի



Comments


© 2023 by HAYLURUSA

Website by

self logo.png
bottom of page