Հետմահու կայացավ բանասիրական գիտությունների դոկտոր,պրոֆեսոր Լալիկ Խաչատրյանի «Լեզվաբանական ավանդույթներ, նոր և նորագույն ուղղություններ» (Մ.թ.ա. 4-րդ հազարամյակից մինչև 21-րդ դ.) գրքի շնորհանդեսը
- gumruyan
- 5 hours ago
- 3 min read

Հետազոտությունը ներառում է անտիկ լեզվաբանական ավանդույթների և նորագույն ուղղությունների ու գիտակարգերի ծագման և զարգացման պատմությունը։
Ձեռնարկին ներկա էին բուհի ղեկավար և դասախոսական կազմը, գրողներ, մտավորականներ, պրոֆեսորի ընտանիքի անդամները, ընկերները, ներկա և նախկին ուսանողները։
ՀՊՄՀ-ի ռեկտոր Սրբուհի Գևորգյանը ողջույնի խոսքում նկատեց՝ մանկավարժ-լեզվաբանների մի քանի տասնյակ սերունդ կրթած Լալիկ Խաչատրյանը բուհի նվիրյալներից էր, որի յուրաքանչյուր աշխատություն ուներ իր անհատական, անզուգական մասնագիտական ձեռագրաբանությունը. գիտնականի, մանկավարժի, հայագետի, հիմնավորումներն ամփոփվում էր ոչ միայն զուտ լեզվաբանական հիմնախնդիրների վերլուծությամբ, այլև մասնագիտական զարգացման նոր որակ էր ապահովում։

Նա անդրադարձավ պրոֆեսորի անհատականությանը՝ որպես մասնագետ, գործընկեր, մանկավարժ և դասախոս։ Ընդգծեց՝ այն եզակիներից է, որին ուսանողական լսարանը կարոտում է առ այսօր։
«Պրոֆեսորն ավարտել է իր երկնային կյանքը, սակայն թողած գրական ժառանգությամբ շարունակելու է փոխներգործել և կամրջել այդ գործընթացը։ Երիտասարդ սերունդը, ուսանողները դեռ կանդրադառնան Խաչատրյանի ստեղծած դպրոցի ավանդույթներին ու մասնագիտական անզուգական ժառանգությանը։ Նա հայագիտության ոլորտի անփոխարինելի մասնագետ էր, մարդ, որը երբեք չէր վախենում մարտահրավերներից։ Նա Մանկավարժական համալսարանի գիտական մտքի պարծանքն էր»։
Գրքի ստեղծման և ընթացքի մասին խոսեց խմբագիրը, պրոֆեսոր Վաղարշակ Մադոյանն ու նկատեց՝ տարակարծություն եղել է, սակայն տպագրությունից հետո համոզվել է՝ Լալիկ Խաչատրյանը ճիշտ էր, երբ որոշեց ներկայացնել, թե ինչպես է ձևավորվել «լեզվաբանություն» երևույթը։ Պրոֆեսերը նկատում է՝ մանրամասն և շատ պարզ, ինչը բնորոշ էր Լալիկ Խաչատրյանի ոճին, նա այս գրքում բացատրում է ամեն ինչ և յուրաքանչյուր ընթերցողի հնարավորություն տալիս հասկանալ՝ ինչպես է զարգացել լեզվաբանությունը և դարձել գիտություն․«Գրքում ավելի շատ մեթոդաբանություն է, քան պատմություն, ինչի կարքին այսօր ունեն երիտասարդ մասնագետները»։

Ձեռնարկը նախատեսված է հումանիտար կրթության համապատասխան ֆակուլտետների սովորողների, դասախոսների, հայոց լեզվի ուսուցիչների և, առհասարակ, բոլոր նրանց համար, ովքեր հետաքրքրվում են լեզվի և լեզվաբանության հարցերով։
Ինչպես ինքը՝ հեղինակն է նկատել ներածությունում, այն համեստ ներդրում է, որ կարող է նպաստել ուսանողների լեզվական աշխատանքի ընդլայնմանն ու և նրանց լեզվական ճաշակի ձևավորմանը։ Ուսանողները կարող են մի կողմից՝ արժևորել լեզվաբանական գիտության վերաբերյալ մարդկային մտքի նվաճումները և այդ համտեքստում վերարժևորել հայ լեզվաբանական մտքի ձեռքբերումները, մյուս կողմից՝ ամուր հիմք կունենան հայագիտական դասընթացները յուրքացնելու ճանապարհին։

Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտոր Դավիթ Գյուրջինյանը Լալիկ Խաչատրյանի երկարամյա ընկերն է, որի հետ միասին ստեղծել են մի ամբողջ գրադարան, գրքեր գրել, իրար գրքեր խմբագրել, գրախոսել, մասնակցել տարբեր նախագծերի։
Նա նկատում է՝ աշխատությունը մեծ օգնություն է լեզվաբանություն ուսումնասիրողների համար․այն լեզվաբանության պատմությունն է՝ սկզբից մինչև մեր ապրած օրերը, ժամանակակից լեզվաբանական ուղղություններ, որոնց մասին այնքան էլ շատ չի գրվել հայերեն․ «Անհանգիստ մարդ, որը խիստ նպատակասլաց էր։ Նա օրը լցնում էր ընտանիքով և աշխատանքով, բազմաթիվ հոդվածներով»,- նշեց Դավիթ Գյուրջինյանը՝ վստահեցնելով, որ պրոֆեսոր Խաչատրյանի անունը երկար պիտի ապրի ոչ միայն այս համալսարանում, այլև հայերենագիտության մեջ առհասարակ։

«Հայաստան» հանդեսի խմբագիր Տիրգրան Նիկողոսյանը նկատում է՝ գիրքը կոչված է հայ երեխայի կրթության գործին նվիրվելու պատրաստվող սերունդների սրտում նրբորեն բորբոք պահելու սերը երգեցիկ գրաբարի հանդեպ։ Նկատեց՝ Լալիկ Խաչատրյանին աշխարհի հայագիտական, գիտակրթական քարտեզին իր համար մնայուն տեղ նախանշեց՝ անհրաժեշտ հայապահպան կենտրոններից մինչև Վենետիկի Մխիթարյաններ․ «Մանկավարժի և մայրենիի դեսպանի խոնարհ նվիրումով, ոչ մի դեպքում և որևէ կերպ չնահանջելով ինքն իր համար սահմանած սկզբունքներից, ուղեցուց ունենալով աբովյանական հանճարեղ տողը՝ լեզուդ մոռացիր, հավատդ էլ ուրացիր, ընչով կարես ասել, որ ազգիցն ես»։
Գավառի N2 դպրոցի տնօրեն Ալիտա Գասպարյանը դպրոցի, համայնքի անունից երախտագիտության և մեծարանքի խոսքեր ասաց հայրենակցի, մեծ գիտանական, սերունդներ կրթած և ոգեշնչած մանկավարժ Լալիկ Խաչատրյանի մասին։ Մեծ հպարտությամբ նկատեց՝ տարիներ առաջ հենց այդ դպրոցում է սովորել անմահացած հեղինակը․«Նրան կարող էիր լսել ժամերով և մտածել՝ որքան գեղեցիկ է հայոց լեզուն։ Նրա հարուստ գրական և լեզվաբանական ժառանգությունը պետք է ծառայեցնել գալիք սերունդների հայեցի կրթությանը, պահպանել հայոց լեզվի անաղարտությունը»։
Ելույթ ունեցան նաև կուրսըկերներ Հովհաննես Սարոյանը, Վրեժ Սարուխանյանը, ՀՊՄՀ-ի Գրադարանի տնօրեն Տիգրան Պետրոսյանցը, որի նախաձեռնությամբ էլ կազմակերպվել էր գիտական ձեռնարկը:
Շնորհանդեսն ամփոփեց ՀՊՄՀ-ի դոցենտ, Լալիկ Խաչատրյանի կինը՝ Մարգուշ Միրումյանը․ «Այստեղ լսվեցին դրվատանքի խոսքեր, բնութագրումներ՝ նվիրված Լալիկ Խաչատրյանին։ Նա նվիրյալ էր՝ նվիրյալ գործի, ընտանիքի։ Բնավորությամբ մի կողմից՝ բուռն, սկզբունքային, մյուս կողմից՝ շատ նուրբ, ներող ու հոգատար․ այդ երկուսը նա կարողանում էր համատեղել։ Բոլոր դեպքերում սիրում էր ասել դառը ճշմարտությունը, քան քաղցր սուտը, ինչի համար շատերը նրան չէին հասկանում»։
Մարգուշ Միրումյանն իր երախտագիտությունը հայտնեց ներկաներին՝ ուսանողներին էլ հորդորեց՝ իրենց դասախոսի նման լինել սկզբունքային, նպատակ դնել և այդ նպատակին հասնելու համար պայքարել․«Նրա միակ ձգտումն էր՝ լավ մարդ դաստիարակել ու կրթել»։
Թղթակցությունը համալսարանից
Comentários