«Մատենից. Արքայական բալասան». թագավորների բաղադրատոմսի վերածնունդը
- gumruyan
- 11 hours ago
- 1 min read

Միջնադարում հայ բժիշկները թագավորների կյանքը երկարացնելու, նրանց երիտասարդությունը պահպանելու բաղադրատոմս ունեին։ Վանքերում, գաղտնի բաղադրատոմսով եւ խիստ ծիսակարգերի ուղեկցությամբ հատուկ բալասան էին պատրաստում: Դարեր անց այդ բաղադրատոմսը վերծանվել է Մատենադարանում:
Ձեռագրերից մինչեւ կենդանի ավանդույթ
Բալասանի բաղադրատոմսը միջնադարյան ձեռագրերից հայտնաբերել եւ վերծանել է Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտ - Մատենադարանի ավագ գիտաշխատող, բժիշկ-բուսաբույժ Արմեն սարկավագ Սահակյանը։ Նախկինում այն պատրաստվել եւ պահվել է վանքում՝ որպես անհրաժեշտ պայման, ուղեկցվելով համապատասխան աղոթակարգով։
38% ալկոհոլանություն ունեցող ըմպելիքը պատրաստվում է հայկական ալոճենու (Crataegus armena) պտուղների թորվածքից, 54 բուժիչ եւ անուշաբույր բույսից, այդ թվում՝ մեռոնիկ եղեսպակ, խնկածաղիկ, ճգնավորի խոտ, ջուսպ, գլխենի, վարդապետի խոտ, անմեռուկ, խնկեղեգ, նարդոս հնդկական, մշկընկույզ, հնդկապղպեղ, հայխունկ, զաֆրան, հիրիկ գերմանական, մրտենի եւ այլ բույսեր։ Բալասանը պարունակում է նաեւ որդան կարմիր (Porphyrophora hamelii) եւ լեռնային բնական մեղր։Լեռնային հազվագյուտ բույսերը հավաքվել ու մշակվել են յուրահատուկ ծիսակարգով՝ լուսնային որոշակի օրերին։ Սա համարվել է բուժական ազդեցության, ըմպելիքի անկրկնելի բույրի ու համի գրավական։ Այս ավանդույթները պահպանվում են նաեւ այսօր։
Այժմ բալասանը պատրաստվում է հնագույն ավանդույթներին հավատարիմ՝ կաղնե տակառների մեջ, բժշկարար աղոթասացությունների ուղեկցությամբ։ Պատրաստման գործընթացը տեւում է 3 տարի՝ ընդգծելով ըմպելիքի բացառիկությունն ու ժամանակի կարեւոր դերը։
Առողջարար ազդեցությունը
Բալասանի բուժիչ եւ կազդուրիչ հատկությունները հայտնի են հնուց ի վեր։ Այն ամրապնդում է դիմադրողականությունը, ունի վարակազերծող ազդեցություն, կարգավորում է նյութափոխանակությունը, բարելավում ինքնազգացողությունը, շնչառական, աղեստամոքսային, նյարդային եւ սիրտ-անոթային համակարգերի աշխատանքները։
Նպաստում է հիշողության պահպանմանը, նվազեցնում աթերոսկլերոզի, սրտի ինֆարկտի եւ ուղեղի կաթվածի առաջացման հավանականությունը, օգնում հաղթահարել հոգնածության, անհանգստության եւ ճնշվածության զգացողությունները։ Միջնադարյան բժիշկների բնորոշմամբ՝ այն «կազդուրում եւ ուրախացնում է սիրտը»։
«Մատենից. արքայական բալասանը» վաճառվում է բացառապես Մատենադարանի հուշանվերների կրպակում, քանակը սահմանափակ է։ Ըմպելիքի արժեքը 60 000 դրամ է։
Անի Խչոյան
Մեդիամաքս





Comments