top of page

Պատմական հանդիպում Սպիտակ տան Օվալաձև սրահում

26 minutes ago
2 min read

2026 թ․-ի սեպտեմբերի 16-ին պատմական և խորհրդանշական հանդիպում է տեղի ունեցել Սպիտակ տան Օվալաձև սրահում․ ԱՄՆ նախագահ Դոնալդ Ջ. Թրամփը հյուրընկալել է ԱՄՆ-ում Հայաստանի Հանրապետության դեսպան Նարեկ Մկրտչյանին և Միացյալ Նահանգներում գործող հայկական եկեղեցիների հոգևոր առաջնորդներին։ Ընթացքում հնչել է հավաքական աղոթք՝ Հայաստանի և Միացյալ Նահանգների ժողովուրդների բարօրության, երկու երկրների բարեկամության և խաղաղության համար։

Հանդիպումը նախաձեռնել է ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը՝ Սպիտակ տան Հավատքի գրասենյակի (White House Faith Office) հետ համագործակցությամբ։ Հանդիպմանը մասնակցել են նաև Հավատքի գրասենյակի ղեկավար, ԱՄՆ նախագահի երկարամյա հոգևոր հովիվ Փոլա Ուայթ-Քեյնը (Paula White-Cain) և գրասենյակի տնօրեն Ջենիֆեր Ս. Քորնը։

Հայկական կողմը ներկայացված էր ամերիկահայ հոգևոր կյանքի տարբեր ավանդույթներն ու կառույցները։ Մասնակցում էին Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցու ԱՄՆ Արևմտյան և Արևելյան թեմերի առաջնորդներ Գերաշնորհ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը և Գերաշնորհ Տ. Մեսրոպ եպիսկոպոս Պարսամյանը, Հայ Առաքելական Եկեղեցու Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության ԱՄՆ Արևելյան և Արևմտյան թեմերի առաջնորդներ Գերաշնորհ Տ. Անուշավան արքեպիսկոպոս Դանիելյանը և Գերաշնորհ Տ. Գեղամ արք․ Խաչերյանը, Հայ Կաթոլիկ եկեղեցու առաջնորդ, գերաշնորհ Տ․ Միքայել եպիսկոպոս Մուրադյանը, ինչպես նաև Հյուսիսային Ամերիկայի Հայ Ավետարանական Միության ավագ հովիվ վերապատվելի Հենրիկ Շահնազարյանը։

Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել Հայաստանի և Միացյալ Նահանգների հարաբերությունների, երկու ժողովուրդների քրիստոնեական-քաղաքակրթական կապերի, կրոնական ազատությունների, ինչպես նաև խաղաղության և կայունության հաստատմանն ուղղված ջանքերի շուրջ։ Առանձնահատուկ ընդգծվել է հավատքի և հոգևոր արժեքների դերը խաղաղության հաստատման, ժողովուրդների միջև փոխըմբռնման և բարեկամության ամրապնդման գործում։

Հանդիպման առանցքային և հուզիչ պահերից մեկը հայ հոգևոր առաջնորդների հավաքական աղոթքն էր։ Նրանք Աստծու օրհնությունն են հայցել Հայաստանի և Միացյալ Նահանգների ժողովուրդների բարօրության ու ապագայի, երկու երկրների միջև բարեկամության և խաղաղության հաստատման համար։

Աղոթքում անդրադարձ է կատարվել նաև խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերին՝ ընդգծելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ներդրումը Հայաստանի Հանրապետությունում խաղաղության գործընթացին աջակցելու գործում։

Այս կարևոր հանդիպման կազմակերպման գործում առանձնահատուկ է ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանի և Հայ Առաքելական Եկեղեցու ԱՄՆ Արևմտյան թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի հետևողական ու ժրաջան աշխատանքը։ Նրանց ջանքերի շնորհիվ Սպիտակ տան հարկի ներքո համախմբվեցին ամերիկահայ հոգևոր կյանքի տարբեր թևերը՝ ներկայացնելով հայ ժողովրդի քրիստոնեական ժառանգությունն ու միասնական ձգտումը՝ հանուն Հայաստանի խաղաղության և բարօրության։

Օրն առանձնահատուկ խորհուրդ ուներ նաև Հայաստանի պատմական առաքելության տեսանկյունից։ Որպես քրիստոնեությունը պետականորեն առաջինը ընդունած երկիր՝ Հայաստանը դարերի ընթացքում իր հավատքը պահպանել է բազմաթիվ փորձությունների պայմաններում։ Այդ պատմական ժառանգությունն այսօր շարունակում է մնալ հայ ինքնության կարևորագույն բաղադրիչներից մեկը և իր արտահայտությունն է գտնում նաև Միացյալ Նահանգների հայ համայնքի հոգևոր կյանքում։

Օվալաձև սրահում տեղի ունեցած հանդիպումն այս առումով դարձավ ոչ միայն դիվանագիտական, այլև հոգևոր նշանակություն ունեցող իրադարձություն․ մեկտեղվեցին Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև հարաբերությունները, հայ ժողովրդի քրիստոնեական ժառանգությունը և խաղաղության ու բարեկամության շուրջ ձևավորված ընդհանուր արժեքները։

Հայ հոգևոր առաջնորդների՝ նախագահի հետ համատեղ աղոթքը դարձավ օրվա խորհրդանշական եզրափակիչ պահը՝ խաղաղություն Հայաստանի համար, բարօրություն երկու ժողովուրդներին և ամուր բարեկամություն Հայաստանի ու Միացյալ Նահանգների միջև։


Թղթակից

Comments


© 2023 by HAYLURUSA

Website by

self logo.png
bottom of page