Ցեղասպանության հիշատակությունը «Փոքրիկ հրեշտակներ» շաբաթօրյա դպրոցում
- gumruyan
- 6 days ago
- 1 min read

2025 թ․-ի ապրիլի 24-ը Մեծ եղեռնի Սուրբ նահատակների հիշատակի օրն է։ Հայոց ցեղասպանությունը մեզ համար խնկարկումի, հարության, հայ բյուրավոր սուրբ նահատակների անմոռաց հիշատակի օրն է: Այն մեր պատմության մեծագույն ողբերգությունը լինելուց բացի, նաև ամենակարևոր դասն է և պատասխանատվությունն առ այն, որ այդ իրողությունը երբեք չմոռացվի։
Մեծ եղեռնի 110–րդ տարելիցի առթիվ «Փոքրիկ հրեշտակներ»-ում սուրբ նահատակների հիշատակության մերձակա շաբաթ օրը, ավանդության համաձայն, դասերն սկսվում է հարգանքի, աղոթքի ու լինելիության ուխտի արարողությամբ։ ԱՄՆ Արևմտյան թեմի առաջնորդանիստ Ս. Ղևոնդյաց Մայր Տաճարում աշակերտներին իր օրհնությունը բաշխեց արժանապատիվ տեր Խաժակ քահանա Շահբազյանը: Դպրոցի տնօրեն բարեշնորհ Հովհաննես սարկավագ Գումրույանի առաջնորդությամբ աշակերտները երգեցին «Տերունական աղոթք»-ը։ Դպրոցականները հաստատակամորեն ուխտեցին հավատարիմ մնալ իրենց կոչմանը, բարձր պահել ազգային արժանապատվությունը։ Սևակյան հայտնի «Մենք քիչ ենք‚ սակայն մեզ հայ են ասում» բանաստեղծության խմբակային արտասանությունից հետո, սաները երգեցին ՀՀ օրհներգը։
Հակառակ դրսում հորդացող անձրևին աշակերտները ուսուցիչների, ծնողների և բոլոր ներկաների ուղեկցությամբ գնացին սուրբ նահատակների խաչքարի առջև իրենց խոնարհումը մատուցելու: Ազգային ու հայրենասիրական մթնոլորտը շարունակվեց դասարաններում։
Հասմիկ Ստեփանյան
Commentaires