Ազգային ոգու մերօրյա դարբնոցները
- gumruyan
- Jan 29
- 1 min read

2024 թվականը առանցքային էր Հայոց եկեղեցու Արևմտյան թեմի շաբաթօրյա դպրոցների համար, որովհետև սփյուռքի պատմության մեջ, առաջին անգամ թեմապատկան միօրյա վարժարանների ցանցը ԱՄՆ Արևմտյան դպրոցների և քոլեջների միության կողմից (WASC) ստացավ պետական արտոնագիր։ Նման հավաստագիրը վկայությունն էր այն բանի, որ տվյալ կրթօջախները շարունակական, հարատև բարելավման գործընթացի մեջ են, որը ոչ այլ ինչ է, քան որակյալ կրթության առհավատչյա։ Այս առաքելությանը հավատարիմ՝ դպրոցները շարունակում են իրենց ազգային ու հոգեմտավոր գործունեությունը՝ մաշտոցյան սրբազան խորհրդին հաղորդակից դարձնելով շուրջ 1500 հայորդու, որոնք սովորում են տարբեր նահանգներում ու քաղաքներում գործող 17 դպրոցներում, ուր իրենց ազգանվեր ծառայություն են բերում մոտավորապես 100 նվիրյալ մակավարժ։
Հաստատությունների կրթական կյանքի մշտական բարելավման ուղղությամբ տարին 3 անգամ, ըստ կանոնադրության, տեղի են ունենում տնօրենների և կրթական հանձնախմբի անդամների ժողովներ։
2025թ․-ի հունվարի 25-ին, Արևմտյան թեմի առաջնորդ, բարձրաշնորհ Տ․ Հովնան արք․ Տերտերյանի գլխավորությամբ տեղի ունեցավ նախ հոգաբարձուների, ապա միացյալ տնօրենների հերթական հանդիպումները, որին առկա և հեռավար մասնակցեցին կրթական ցանցի 22 ղեկավար։
Առանցքային քննարկման նյութերից էր, միօրինակ ուսումնական կյանքի կազմակերպման, դպրոցների տեխնիկական վերազինման և նոր կանոնադրական դրույթների կիրառմանը վերաբերող հարցերը։ Սիրո և հարգանքի, ջերմ մթնոլորտում ներկաներն արձանագրեցին նաև անցնող շրջանի ձեռքբերումները, լսեցին առաջնորդ Հովնան սրբազանի հայրական հորդորներն ու արժանացան նրա օրհնությանը։ Սրբազան հայրը, խոստացավ նաև, որ առաջիկայում ինքը և կրթական հանձնախմբի անդամները պետք է այցելեն դպրոցներ։
Հարկ է նշել, որ թեմապատկան շաբաթօրյա դպրոցներն իրենց արգասաբեր գործունեությամբ դարձել են ամերիկահայ գաղութի կարևոր մշակութային օջախներից, որոնք իրենց յուրօրինակ լույսով ու փայլով պայծառակերպում են հայության կյանքը՝ դառնալով հավատի, հույսի և սիրո անսպառ աղբյուր։
Թղթակից
Comments