top of page

ԱՄՆ Արևմտյան թեմի առաջնորդ Տ․ Հովնան արք․ Տերտերյանը ստացավ ևս 8 տարի առաջնորդելու վստահության քվե


Մայիսի 5-ին Հայ առաքելական սուրբ եկեղեցու ԱՄՆ Արևմտյան թեմի Պատգամավորական Տարեկան անդամական 96-րդ ժողովը գրեթե միաձայն իր վստահությունը հայտնեց առաջնորդ, գերաշնորհ Տ․ Հովնան արք․ Տերտերյանին, որպեսզի Սրբազան հայրը առաջիկա 8 տարվա ընթացքում շարունակի առաջնորդական ծառայությունը։

Նախորդ օրը մայիսի 4-ին տեղի ունեցավ Տիկնաց, իսկ կեսօրից հետո Հոգևորականաց ժողովները։ Քննվեցին մի շարք կարևոր, առանցքային հարցեր, տեղի ունեցան հաշվետվություններ, քննարկումներ, հոգևոր զրույցներ։ Հոգևորականաց ժողովի ընթացքում ընդունվեց հայտարարություն առ այն, որ թեմում ծառայող բոլոր հոգևորականները միաձայն սատարում են առաջնորդ, գերաշնորհ Տ․ Հովնան արք․Տերտերյանին։

Այսօր՝ մայիսի 5-ին, վաղ առավոտից մեկնարկած պատգամավորական պատկառելի ժողովի ընթացքում, ներկաները մեկ րոպե լռությամբ և աղոթքով հիշեցին անցնող շրջանում Քրիստոսով ննջած, նախկին առաջնորդ, լուսահոգի Վաչե արք․ Հովսեփյանին և եկեղեցու կյանքում զգալի ավանդ ունեցած հավատավոր ննջեցյալ զավակներին։ Ապա սկսեց ժողովը՝ համաձայն օրվա կանոնակարգի։ Մասնակիցներին իր հայրական օրհնության գիրն էր հղել նաև Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ վեհափառ հայրապետը։

Փոխանակվող մտքերի ընթացքում, ներկաները, որոնք ողջ թեմի տարածքով ներկայացնում էին իրենց ծխական համայնքները, բարձր էին գնահատում Հովնան սրբազանի նպաստավոր ծառայությունը համայքնին ու եկեղեցուն։ Ընդգծում էին նրա ունեցած անուրանալի ավանդը ԱՄՆ արևմտյան թեմում՝ իր ծառայության 20 տարվա ընթացքում։ Հարկ է նշել, որ Տ․ Հովնան արք․ Տերտերյանի ղեկավարությամբ, ծրագրված ու մտահղացված իրագործումները նոր որակի են բարձրացրել հոգևոր կյանքը թեմի տարածքում, որն էլ իր բարերար ազդեցությունն է ունեցել ողջ եկեղեցական, հոգևոր ասպարեզում՝ սկսած սփյուռքի զանազան թեմերից, մինչև հայրենիք ու վիրավոր Արցախ։

Մայիսի 6-ին ամփոփվելու է Տարեկան անդամական պատգամավորական 96-րդ ժողովի գործունեությունը։ Օրվա ավարտին տեղի է ունենալու սիրո ընթրիք, իսկ մայիսի 7-ին՝ Երևման Ս․ Խաչի տոնին, Սրբոց Ղևոնդյանց Մայր Տաճարում պատարագելու և քարոզելու է առաջնորդ, գերաշնորհ Տ․ Հովնան արք․ Տերտերյանը։

HayLurUSA լրատվական կայքի աշխատակազմի անունից շնորհավորում ենք Տ․ Հովնան արք․ Տերտերյանին և մաղթում՝ արդյունաշատ սպասավորություն Հայ առաքելական սրբազնասուրբ եկեղեցու անդաստանում։


Թղթակից




bottom of page