Սույն թվականի դեկտեմբերի 7-ին Սանտա Կլարիտայի Ս. Սարգիս հայկական շաբաթօրյա դպրոցի առօրյան սովորականից տոնական էր, ինչպես նաև գեղեցիկ անակնկալներով լի:
Առավոտյան ավանդական Տերունական աղոթքից հետո, 1-7-րդ դասարանի աշակերտներն անցան իրենց բնականոն դասապրոցեսին:
Կրտսեր խմբի հրաշամանուկները՝ հուզմունքն ու միաժամանակ ոգևորվածությունը սրտերում, պատրաստվում էին Ամանորյա տոնական հանդեսին: Միջոցառման պատվավոր հյուրն էր ԱՄՆ Արևմտյան Թեմի Առաջնորդական ընդհանուր փոխանորդ, հոգեշնորհ Տեր Երեմիա վարդապետ Աբգարյանը:
Որքան էլ որ օրը տոնական էր աշակերտների, ուսուցչական կազմի և ծնողների համար, այնունամենայնիվ դպրոցում հիշեցին 1988 թվականի դեկտեմբերի 7-ին հայրենիքում տեղի ունեցած աղետալի երկրաշարժը։ Հայր Երեմիան աղոթք հնչեցրեց հազարավոր անմեղ հոգիների հանգստության համար: Ապա մեր փոքրիկ քաջազուն ասպետներն ու նաիրյան նրբագեղ գեղեցկուհիներն իրենց անկեղծ ելույթներով, երգով (Զանգակներ) հիացրեցին և բերկրանքով լցրեցին ներկաների սրտերը՝ ապացուցելով, մեր ժողովրդի հավերժությունը և ապրելու, արարելու կամքը:
Միջոցառման ավարտին աշակերտներին այցելեց և անկրկնելի ակնթարթներ ու նվերներ պարգևեց Ձմեռ պապը:
Դպրոցի տնօրեն Սեդա Գ. Աբաջյանի ուղեկցությամբ Հայր Երեմիան շրջեց բոլոր դասարաններով, ծանոթացավ ուսուցիչների ծավալած գործունեությանը, մտերմիկ զրուցեց դպրոցի 1-7-րդ դասարանի սաների հետ․ վերջիններս պատրաստվում էին իրենց դեկտեմբերի 14-ին կայանալիք Ամանորյա տոնահանդեսին և հիասքանչ տպավորություններով լցված հրաժեշտ տվեց վարժարանին:
Սանտա Կլարիտայի Ս. Սարգիս եկեղեցու շաբաթօրյա դպրոցի տնօրինությունը, ուսուցչական կազմը, սաներն ու ծնողները Արևմտյան թեմի առաջնորդ, գերաշնորհ Տ․ Հովնան արք․ Տերտերյանի և հոգևոր դասի նկատմամբ երախտագիտական ու շնորհակալական խոր զգացումներով շարունակում է իր առաքելությունը՝ հանուն հայ զավակների կրթության, հոգևոր ու ազգային դաստիարակության։
Սեդա Աբաջյան
Comments