Հիշողությունը, որ չի լռում
- 6 days ago
- 1 min read

Ֆրեզնոյի Սուրբ Պողոս եկեղեցու շաբաթօրյա վարժարանի սաները, ուսուցիչներն ու ծնողները 2026 թ. ապրիլի 25-ին, արժանապատիվ Տեր Եսայի քահանայի և Հակոբ սարկավագի առաջնորդությամբ, համախմբվել էին եկեղեցու բակում տեղադրված խաչքարի շուրջ՝ ոգեկոչելու Հայոց ցեղասպանության մեկուկես միլիոն սրբադասված նահատակների հիշատակը։
Հանդիսավոր արարողության ընթացքում վարժարանի սաները և ներկաները խոնարհեցին ծաղիկներ, վառեցին մոմեր, խնկարկեցին և աղոթք բարձրացրեցին առ Բարձյալը՝ հավերժ պահելով նահատակների հիշատակը։ Միջոցառումն անցավ խորը հուզմունքի և հոգևոր ապրումների մթնոլորտում՝ արտահայտելով վարժարանի սաների, ծնողների և ուսուցիչների միասնականությունն ու հավատարմությունը ազգային և հոգևոր արժեքներին։

Օրվա խորհրդին համահունչ՝ եկեղեցու բակում տիրում էր առանձնահատուկ հուզիչ մթնոլորտ՝ նվիրված Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցին։ Ներկաները մեկ անգամ ևս վերահաստատեցին իրենց հանձնառությունը՝ պահպանելու և փոխանցելու ազգային ինքնությունը, պատմական հիշողությունն ու հոգևոր ժառանգությունը գալիք սերունդներին։
Վարժարանի սաները, Տիկին Անի Միքայելյանի ղեկավարությամբ, հանդես եկան հայրենասիրական երգերի կատարմամբ՝ միջոցառմանը հաղորդելով խոր զգացմունքային շեշտադրում։
Բարձր դասարանի աշակերտները, Տիկին Զարուհի Վիրաբյանի ղեկավարությամբ, ներկայացրեցին իրենց պատրաստած բովանդակալից և գեղարվեստական նախագծերը, որոնք արտացոլում էին Հայոց ցեղասպանության պատմական իրողությունները, ինչպես նաև հայ ժողովրդի դիմացկունությունն ու վերածնունդը։

Միջոցառումն ամփոփվեց տնօրենուհու պատգամով՝ տանը խոսել հայերեն, պահպանել մեր ոսկեղենիկ մայրենի լեզուն, սովորել հայոց պատմությունը, ամեն կիրակի հաճախել եկեղեցի, աղոթել հայերեն, ուսումնասիրել կրոնի պատմությունը, սրտին մոտ պահել հայ ազգային երգն ու պարը։ Նա նաև շեշտեց հայ ինքնության պահպանման կարևորությունը՝ որպես համայնքային կյանքի և կրթական դաստիարակության առանցքային արժեք։
Վարժարանի անձնվեր և հայրենասեր ուսուցիչների շնորհիվ միջոցառումն անցավ կազմակերպված և բարձր մակարդակով։ Հուզմունքն ու հպարտությունը պարուրել էին բոլորի սրտերը։ Կարելի է վստահորեն ասել, որ մեկուկես միլիոն սրբադասված նահատակները երկնքից հպարտությամբ էին նայում վարժարանի սաներին։

Մարգարիտ Դումանյան
Ֆրեզնոյի Սուրբ Պողոս եկեղեցու շաբաթօրյա հայկական վարժարանի տնօրեն





Comments