top of page

1915-ի ոգեկոչում-հոգեհանգիստ Կարսի Առաքելոց տաճարում․ 12 ապրիլի, 1920թ.

  • Apr 12, 2023
  • 1 min read

ՆԱՄԱԿ ԿԱՐՍԻՑ

(Սեփ. թղթ.)

Երեկ Զատիկի տոնին քաղաքիս ս. Առաքելոց տաճարում հանդիսավոր պատարագից հետո, որ մատուցեց վիճակիս փոխանորդ Կորյուն վարդապետը, տաճարի ընդարձակ հրապարակում երկսեռ քաղաքացիների և զինվորականների խուռն բազմության ներկայությամբ կատարվեց հոգեհանգիստ 1915թ Կ. Պոլսում և Հայաստանի գավառներում նահատակված հոգևորականների և մտավոր գործիչների հիշատակին, որոնց թիվը, ինչպես հայտնեց հայր Կորյունը հասնում է 760-ի: Հոգեհանգստի կեսին հայր փոխանորդը գեղեցիկ կերպով բացատրեց օրվա տոնի նշանակությունը:

Ապա խոսելով կատարած հոգեհանգստի մասին՝ կարդաց նահատակված հայտնի հոգևորականների և մտավոր հեղափոխական գործիչների անունները, որոնք սպանված, կախաղան հանված, բանտերում խեղդամահ եղած անհետ կորսված էին:

Անդրադառնալով հայրենիքի ազատությանը՝ նա ոգևորված խրախուսեց ժողովրդին սիրել անպայման հայրենիքը, թանկ գնահատել ազատությունը, որ ձեռք է բերված բյուրավոր նահատակների արյունով և աշխատանքով, և մինչև արյան վերջին կաթիլը պաշտպան կանգնել ազատված հայրենիքին, հայ օջախին և ընտանեկան պատվին։

Հոգեհանգիստը կատարվեց Վեհափառ կաթողիկոսի հրամանով. պետք է խոստովանել, որ մինչև այժմ եղած փոխանորդների մեջ նախկին Եղիշե վարդապետ Մուրադյանից հետո ներկայում Հայր Կորյունն է, որ վայելում է լայն ժողովրդականություն թե՛ գյուղացիների և թե՛ արևմտահայ հայրենակիցների շրջաններում իր պարզությամբ և անշահասեր բնավորությամբ:


Վանանդեցի

Ղարս, 12 ապրիլի

Ժամանակ, թիվ 64, ուրբաթ, 23 ապրիլի, 1920թ․


Comments


© 2023 by HAYLURUSA

Website by

self logo.png
bottom of page