top of page

Հավատարիմ ընկերը

2 minutes ago
1 min read

Այս բանաստեղծությունը նվիրում եմ 44-օրյա պատերազմի հերոսներին։ Այն գրել եմ իրական պատմության հիման վրա։ Ցավով ուզում եմ նշել, որ պատմության հերոսի մոտ զորացրվելուց հետո հոգեկան խանգարում է առաջացել։ Այդ իսկ պատճառով նրա անունը չեմ նշում։

Հավատարիմ ընկերը

Հրաման եկավ՝ իսկույն նահանջել,

Շրջապատման մեջ չընկնելու համար։

— Նստե՛ք ավտոբուս՝ առա՛նց վարանել,

Շտապե՛ք, արա՛գ, չկա ուրիշ ճար։


Մի զինվոր տեսավ ընկերոջն ընկած,

Էլ ի՞նչ մտածել, ետ դարձավ հանկարծ։

— Ես ընկերոջս չե՛մ կարող թողնել,

Վիրավոր է նա, պետք է նրան օգնել։


Ու ետ-ետ գնաց տղան սողեսող՝

Ընկերոջ կյանքը փրկելու համար։

Ի՞նչ էլ որ անի թշնամին ոսոխ,

Չի՛ կարող կոտրել իր կամքը համառ։


— Շտապե՛ք, տղե՛րք, պետք է շարժվել,

—Եվ ավտոբուսը արագ հեռացավ։

Կրակ է թափվում, ինչպե՞ս սպասել։

Հեռացան՝ պահած սրտներում մեծ ցավ։


— Դու՛ էլ հեռացիր, մեկ է, չե՛մ փրկվի,

Գոնե մեզանից մեկը թող ապրի,

—Ասաց վիրավոր զինվորն զգացված,

—Այս ի՞նչ փորձություն տվեց մեզ Աստված։


— Այդպես մի՛ ասա, ես չե՛մ հեռանա,

Երկուսս էլ կապրենք, որոշված է դա։

Մեր ծնողները սպասում են մեզ,

Փրկվելու ենք մենք, և դու կտեսնես։


Քիչ հեռվում հանկարծ մի պայթյուն լսվեց,

Ծուխ ու բոց ելավ կողքից մեծ լեռան,

Եվ տղաները սարսափով տեսան,

Թե ավտոբուսը ինչպես մասնատվեց։


Ամեն ինչ ինչպե՞ս եղավ ցիրուցան,

Էլ ո՛չ մի տնքոց և էլ ո՛չ մի ձա՜յն։

Միայն կրակի բոցն էր թեժացած,

Ագահ երախով լափում ամեն բան։

Լաուրա Խլղաթյան

Լաս Վեգաս


Comments


© 2023 by HAYLURUSA

Website by

self logo.png
bottom of page