ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ ԱՎԵՏԻՔ ԻՍԱՀԱԿՅԱՆԻ «ՈՒՍՏԱ ԿԱՐՈ ԵՎ ՕՐԹԵ ՀԱՐՈՒԹ» ԱՆԱՎԱՐՏ ՎԵՊԻ ՀԵՐԹԱԿԱՆ՝ ԵՐՐՈՐԴ ԳԻՐՔԸ
- 8 hours ago
- 3 min read

Իսահակյան Ավետիք, Երկերի լիակատար ժողովածու, տասնչորս հատորով, հատոր ութերորդ, «Ուստա Կարո և Օրթե Հարութ» (երկրորդ տարբերակ), Գիրք Գ, Եր., «Էդիթ Պրինտ», 2023, 1016 էջ։
Բնագրերը հրատարակության են պատրաստելԳՈՒՐԳԵՆ ԳԱՍՊԱՐՅԱՆԸ և ԼԱՈՒՐԱ ՎԻՐԱԲՅԱՆԸ (էջ 13–746)։Բնագրագիտական նախաբանը գրել է ԳՈՒՐԳԵՆ ԳԱՍՊԱՐՅԱՆԸ (էջ 5–12)։Բնագրերը ծանոթագրել է ԳՈՒՐԳԵՆ ԳԱՍՊԱՐՅԱՆԸ (էջ 749–986)։Հատորի խմբագիր՝ ԱՎԻԿ ԻՍԱՀԱԿՅԱՆ։
Սույն հատորում ընդգրկված բնագրերը շարունակում են «Ուստա Կարո և Օրթե Հարութ» վեպի երկրորդ տարբերակի հատվածական բնագրերի, ծրագրային գրառումների և ամբողջական գլուխների հրապարակումները։

Հատորը բացվում է նախորդ՝ Բ գրքում զետեղված «Բագրանի ուխտը» գլխին առնչվող հատվածական բնագրերի և ծրագրային գրառումների հրապարակման շարունակությամբ (35 միավոր)։
Ըստ հեղինակի մտահղացման՝ «Բագրանի ուխտը» գլխին հաջորդելու էր «Աշխարհի տեսիլը» միջանկյալ գլուխը, որի շարադրանքը վեպի արխիվում պահպանվել է երեք տարբերակով։ Առաջինը՝ «Հարութի երազը» վերնագրով գլխի նախնական տարբերակն է, իսկ հաջորդ երկուսը՝ «Աշխարքի տեսիլը» վերնագրով տարբերակներն են։
Վեպի արխիվում առկա է նաև «Աշխարի տեսիլը» վերնագրով հեղինակային թղթապանակ, որտեղ Իսահակյանը խմբավորել է թեմային առնչվող զանազան գրառումներ (22 գրառում)։ Թեմային առնչվող նյութեր կան նաև վեպի արխիվի այլ թղթապանակներում, որոնք ներառված են այս խմբավորման մեջ։
Ըստ հեղինակի մի գրառման՝ Հարութի երազներից մեկը «Սատանին հոգին ծախելը» վերնագրով փոքրիկ գլուխն է, որը զետեղված է «Աշխարհի տեսիլը» գլխից հետո։
Բագրանի ուխտից հետո ծավալվող վիպական դրվագները՝ Սոնայի (Սանամի) մերժումը, դրան հաջորդող Ուստա Կարոյի գործողությունները, ինչպես նաև Սոնայի և Կարոյի սիրո պատմությանը վերաբերող գրառումները, հեղինակը խմբավորել է մի շարք թղթապանակներում (118 գրառում)։ Գլխի ամբողջական շարադրանքը չի պահպանվել։
Հատորում զետեղված են երկու ամբողջական գլուխներ՝ «Ուստա Կարոն հովիվների մոտ» և «Ավագ-Սարկավագը»։
«Ուստա Կարոն հովիվների մոտ» գլուխը «Մի գլուխ «Ուստա Կարո» անտիպ վեպից» ենթավերնագրով առաջին անգամ տպագրվել է «Գեղարվեստ» հանդեսում։ Համեմատությունը ցույց է տալիս, որ այդ տեքստը վեպի առաջին տարբերակի նույն վերնագրով գլխի վերամշակումն է։
Իսահակյանի արխիվում պահպանվում է նաև գլխում զետեղված «Լեյլի և Մեջլում» ավանդազրույցի մեկ այլ տարբերակ։ Այս տարբերակում հեղինակը որոշ հայերեն տողերի զուգահեռ ներկայացրել է դրանց քրդերեն տարբերակները, ինչը վկայում է, որ նա օգտվել է նաև քրդերեն պատումից։
Այս գլխին առնչվող հատվածական բնագրերի թիվը մեծ չէ (ընդամենը 7 միավոր), և հավանաբար Իսահակյանը այն համարել է վերջնական։
«Ավագ-Սարկավագը» գլուխը Իսահակյանը գրել է 1920 թ. հունվարի 13-ին Ժնևում և, ըստ մի գրառման, մտադիր էր այն հրատարակելու համար ուղարկել «Հայրենիք» ամսագրին։ Վեպում այս գլուխը զետեղելու մասին վկայում է նրա ծրագրային նշումը՝ հերոսի լեզվի վերաբերյալ. «Ավագ-Սարկավագը՝ Պոլսի բարբառ և գրաբար»։
Հատորում զետեղված հաջորդ հինգ միավորները առածների և ասացվածքների ցանկեր են, որոնք հեղինակը խմբավորել է վեպում կիրառելու նպատակով։ Այս ցանկերի մի մասը ներառված է Մելքոն վարժապետի «Մտաց մատյանում» և Տեր-Մլեհի ասույթներում, իսկ մնացածը, ըստ հեղինակի լուսանցանշումների, նախատեսված էին կիրառվելու վեպի տարբեր գլուխներում կամ հերոսների խոսքում։
Հատորում զետեղված են նաև «Ովքե՞ր են Ուստա Կարոն և Չավուշենց Փիլոսը» գլխին առնչվող ծրագրային գրառումները և հատվածական բնագրերը, որոնք հեղինակը խմբավորել է ինչպես այդ վերնագրով թղթապանակում, այնպես էլ Ուստա Կարոյին և Չավուշին վերաբերող այլ թղթապանակներում։
Մասնավորապես՝ «Ովքե՞ր են Ուստա Կարոն և Չավուշենց Փիլոսը» վերնագրով թղթապանակում պահվում են այս գլխին առնչվող առաջին խմբավորման բնագրերը (51 գրառում)։
«Չավուշը» վերնագրով թղթապանակում պահվում են նույն գլխին առնչվող երրորդ խմբավորման բնագրերը (5 գրառում)։

«Քարավանը. Քարավանի մասին» թղթապանակում պահվում են ինչպես նշված գլխին, այնպես էլ քարավանի թեմայով վեպի այլ հատվածներին առնչվող գրառումներ (8 գրառում)։
«Ուստայի հեքիաթները, զրույցները, կարավանը» վերնագրով թղթապանակում ընդգրկված են համապատասխան թեմաներով գրառումներ (10 գրառում)։ Նմանատիպ մեկ այլ խմբավորում պահպանվում է նաև թիվ 345-II գրանցահամարի տակ՝ «Ուստայի բնավորությունը, մտքերը, տեսած աշխարհները, հեքիաթները, առակները» վերնագրով (11 գրառում)։
«Մկրտություն անելը Նախճվանում» թղթապանակում պահվում են վեպի տարբեր դրվագներին առնչվող գրառումներ (4 գրառում)։ Այս դրվագը ներկայացված է «Ակոռա Տեր Մաթոսը և Խաչավոր Ադամ ամին» գլխում։
«Ուստա Կարոյի ընկերները. Տացուն, տիրացուն, վարժապետը» թղթապանակում պահվում են համապատասխան նյութեր (17 գրառում)։
«Ուստա Կարոյի առօրյան, անզբաղ օրը, պարապ օրը, սովորույթները, այվանը՝ օթևանը» թղթապանակում ընդգրկված են վեպի առաջին գլուխներին վերաբերող գրառումներ (6 գրառում)։
«Կարոյի կենսագրական» թղթապանակում խմբավորված են կենսագրական բնույթի նյութեր (43 գրառում)։
«Ուստան զանազան գլուխներում» թղթապանակում՝ տարբեր գլուխներին առնչվող նյութեր (66 գրառում)։
«I.Ուստային վերաբերող նյութեր, II. Ուստային վերաբերող նյութեր» երկու թղթապանակներում ընդգրկված են համապատասխան գրառումներ (49 գրառում)։
«Կարո. Քարվանի շուրջը» թղթապանակում՝ քարավանի թեմային վերաբերող նյութեր (6 գրառում)։
«Կարոյի բնութագիրը» թղթապանակում՝ բնութագրական նյութեր (24 գրառում)։
«Ուստա Կարոն իրեն հետ. իր սովորույթները, ձևերը» թղթապանակում՝ համապատասխան գրառումներ (14 գրառում)։
«Ուստա Կարոյի մանկությունը, բնավորությունը և աշխարհայացքը» վերնագրով, ինչպես նաև հաջորդող երկու թղթապանակներում, խմբավորված են այդ թեմային առնչվող նյութեր (23 գրառում)։
«I. Ընդհանուր նյութեր Ուստա Կարոյի վերաբերյալ, II. Ընդհանուր նյութեր Ուստա Կարոյի վերաբերյալ» թղթապանակներում՝ տարբեր թեմաներին վերաբերող գրառումներ (23 + 86 գրառում)։
«Զանազան գրառումներ - Կարո, Կարո» վերնագրերով թղթապանակներում ընդգրկված են վեպի տարբեր գլուխներին առնչվող նյութեր՝ խառն դասավորությամբ (80 + 43 + 148 գրառում)։
Գուրգեն Գասպարյան
Եղիշե Չարենցի անվան Գրականության և Արվեստի Թանգարանի գիտական գծով փոխտնօրեն





Comments