Համախմբվածության գեղեցիկ տոն Ֆրեզնոյում
- 4 days ago
- 1 min read

2026 թ․-ի մայիսի 16-ի առավոտյան, ժամը 10:00-ին, «Տերունական աղոթքով» մեկնարկեց Ֆրեզնոյի Սուրբ Պողոս եկեղեցու շաբաթօրյա վարժարանի ամավերջյան դաշտահանդեսը։ Այն համախմբել էր աշակերտներին, ծնողներին, ուսուցիչներին, տատիկ-պապիկներին և համայնքի բազմաթիվ անդամների՝ ստեղծելով ջերմ, ընտանեկան ու ազգային ոգով լի մթնոլորտ։
Մեծ ուրախություն և բարձր տրամադրություն պարգևեց բոլորին հոգևոր հովիվ Տեր Եսայու այցելությունը, որի ներկայությունն օրը դարձրեց առավել օրհնավետ, հոգեպարար և հիշարժան։ Նրա հայրական խոսքերն ու օրհնությունը առանձնահատուկ ջերմություն հաղորդեցին միջոցառմանը՝ ընդգծելով հավատքի, սիրո և միասնականության կարևորությունը ներ համայնքային կյանքի մեջ։
Օրն անցավ տոնական ու խանդավառ մթնոլորտում՝ լի հետաքրքիր խաղերով, ուրախ երաժշտությամբ, հայկական երգ ու պարով, բազմաբնույթ ծրագրերով և համեղ հյուրասիրությամբ։ Աշակերտները մեծ ոգևորությամբ մասնակցեցին կազմակերպված միջոցառումներին՝ ցուցադրելով իրենց ակտիվությունն ու համախմբվածությունը։
Դաշտահանդեսը գեղեցիկ առիթ դարձավ ամփոփելու ուսումնական տարին, արժևորելու և գնահատելու աշակերտների ձեռքբերումներն ու հաջողությունները, ինչպես նաև շնորհակալություն հայտնելու բոլոր այն անձանց, ովքեր իրենց նվիրումով, աշխատասիրությամբ և աջակցությամբ նպաստել են վարժարանի արդյունավետ գործունեությանը։

Ուրախ երաժշտության, ջերմ շփումների և բարձր տրամադրության ներքո ներկաները հրաժեշտ տվեցին միմյանց՝ նորից հանդիպելու և նոր ուսումնական տարին սիրով, հավատով ու ոգևորությամբ դիմավորելու ակնկալիքով։ Օրն իր ժպիտներով, անմոռանալի պահերով և հուզիչ հիշողություններով երկար կմնա բոլորի սրտերում, որովհետև նմանօրինակ հանդիպումները մոտեցնում են հայրենակարոտ սրտերին, վերանորոգում հայրենիքի սիրով ու մեր ազգին հատուկ ջերմությամբ։
Այս գեղեցիկ և հաջողված դաշտահանդեսը ևս մեկ անգամ ընդգծեց մեր վարժարանի միասնական ոգին, հայկական արժեքների պահպանման կարևորությունը և սերունդներին ազգային ինքնությամբ ու մշակույթով դաստիարակելու մեր առաքելությունը։
Մարգարիտ Դումանյան
Տնօրեն





Comments