Հարյուրամյա ճամփորդի պատգամը Օնիկ Հաջինյանի ծննդյան 100-ամյակին
- 7 minutes ago
- 8 min read

2026 թվականի հուլիսի 14-ին լրանում է պապիկիս՝ Օնիկ Ստեփանի Հաջինյանի ծննդյան հարյուրամյակը։ Հարյուր տարի... Թվում է՝ ընդամենը մի թիվ է, սակայն այդ թվի մեջ ամփոփված է մի ամբողջ ժողովրդի ճակատագիր, մի ընտանիքի պատմություն և մեկ մարդու ապրած կյանք, որը, եթե խորությամբ նայենք, վերածվում է մարդկային արժանապատվության, տոկունության ու հավատի մասին լուռ վկայության։
Պապիկս ծնվել է 1926 թվականի հուլիսի 14-ին Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքում՝ Ստեփան և Նազիկ Հաջինյանների ընտանիքում։ Սակայն նրա կյանքի պատմությունը սկսվում է ոչ թե ծննդյան տարեթվից, այլ ավելի վաղ, երբ 1915 թվականի նախօրեին մարդկային չարությունը փորձեց կոտրել մի ամբողջ ժողովրդի կամքը։
Պապիկիս հայրը՝ Ստեփան Հաջինյանը, դեռևս մինչև Հայոց ցեղասպանության սկիզբը բանտարկվել էր՝ զենք պատրաստելու մեղադրանքով։ Այդ օրերին նա արդեն հասուն տարիքի մարդ էր՝ մոտ քառասունից քառասունհինգ տարեկան, մեծ ընտանիքի հայր և նույնիսկ թոռիկ ուներ։ Թե որքան տևեց նրա բանտարկությունը, այսօր դժվար է ասել։ Հավանաբար միայն 1916 կամ 1917 թվականներին նա կրկին հայտնվեց ազատության մեջ։ Սակայն բանտից դուրս գալուն պես, հասկացավ, որ երբեմն մարդը կարող է վերադառնալ տուն, բայց տունն այլևս գոյություն չունենա։ Նրա ընտանիքը բնաջնջված էր։ Այն մարդիկ, որոնց համար նա ապրել, աշխատել ու պայքարել էր, այլևս չկային․․․
Պատմության մեջ հաճախ խոսում ենք զոհերի թվերի մասին, բայց դրանք երբեք չեն կարող պատմել մեկ հոր լռության մասին, որը վերադառնում է ու ոչ ոքի չի գտնում։ Ցեղասպանությունը միայն մարդկային կյանքեր չխլեց։ Այն խլեց հայրերի սպասումը, մայրերի օրորոցայինները, երեխաների ծիծաղը, ընտանեկան սեղանների շուրջ հավաքվելու սովորույթը։ Այն մարդկանց զրկեց ոչ միայն ներկայից, այլև ապագայից։
Նույն ցավն էր կրում նաև երիտասարդ Նազիկը։ Նա ընդամենը քսաներկու տարեկան այրի էր։ Նրա առաջին ամուսինը նույնպես դարձել էր ցեղասպանության զոհ, իսկ գրկում մնացել էր փոքրիկ աղջիկը՝ Արուսյակը։ Երբ ճակատագիրը միավորեց Ստեփանին ու Նազիկին, նրանք արդեն գիտեին, թե ինչ է կորուստը։ Բայց նրանք գիտեին նաև մեկ ուրիշ ճշմարտություն՝ կյանքը չի շարունակվում մոռանալով, այլ շարունակվում է հիշելով և, այդ հիշողության վրա, նոր կյանք կառուցելով։
Ստեփանն ու Նազիկն իրենց անվտանգությունից ելնելով հաստատվեցին Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքում։ Այնտեղ ծնվեցին նրանց չորս զավակները, որոնցից ավագը Օնիկն էր։ Ամեն նոր ծնված հայ մանուկ այդ տարիներին պարզապես երեխա չէր։ Նա լուռ պատասխան էր նրանց, ովքեր կարծում էին, թե կարելի է վերացնել մի ամբողջ ազգ։ Կյանքն ամեն անգամ հաղթում էր մահին, ընտանիքը՝ կործանմանը, հիշողությունը՝ մոռացությանը։
Մարդը կարող է կորցնել տունը, կարող է կորցնել ունեցվածքը, կարող է կորցնել նույնիսկ հայրենի քաղաքը։ Բայց եթե չի կորցնում ընտանիք ստեղծելու կամքը, չի կորցնում նաև ապագան։ Թերևս հենց սա էր ցեղասպանությունը վերապրածների ամենամեծ հաղթանակը։
Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ընտանիքի կյանքում հասունացավ հերթական ծանր որոշումը։ Կրտսեր եղբայրը՝ Հրաչը, ինչ որ խնդիրներ ուներ, և երկու եղբայրները՝ Օնիկն ու Հրաչը, որոշեցին ներգաղթել Խորհրդային Հայաստան՝ հավատալով, որ հայրենի հողում իրենց համար նոր էջ կբացվի։ Երեք քույրերը մնացին Եգիպտոսում։ Իսկ Ստեփանը, որն արդեն մեկ անգամ կորցրել էր իր ընտանիքը, չէր կարող երկրորդ անգամ սեփական կամքով բաժանվել որդիներից։ Չնայած վատառողջ էր, նա որոշեց ուղեկցել նրանց։ Ոչ թե այն պատճառով, որ ճանապարհը հեշտ էր, այլ որովհետև հայրական սիրտը երբեք չի համակերպվում բաժանման հետ։
Երբեմն ծնողները գնում են այնտեղ, ուր այլևս ուժ չունեն գնալու, միայն այն պատճառով, որ իրենց երեխաները միայնակ չլինեն։ Դա հայրության այն լուռ զոհաբերությունն է, որի մասին գրքեր չեն գրվում, բայց որի վրա են խարսխված ընտանիքների ամրությունը։
1946 թվականին նրանք բռնեցին Տուն Դարձի ճամփան։ Յուրաքանչյուր ներգաղթյալի ճամպրուկում հագուստից ու կենցաղային մի քանի իրերից ավելի ծանր բան կար՝ սպասումը։ Նրանք իրենց հետ տանում էին հույսը, որ վերջապես ապրելու են իրենց հայրենի հողի վրա։ Մարդու կյանքում կան երազանքներ, որոնք իրականանում են, բայց ոչ այնպես, ինչպես նա էր պատկերացնում։
Հայրենադարձների նավը կանգնեց Բաթումի քաղաքում։ Այստեղ անհրաժեշտ էր ձևակերպել որոշ փաստաթղթեր և ստանալ իրենց հետ բերած սակավաթիվ իրերը։ Այդ պատճառով Օնիկը մնաց, մինչ հայրն ու Հրաչը շարունակեցին ճանապարհը դեպի Կիրովական։
Ոչ ոք չէր կարող պատկերացնել, որ այդ օրը դառնալու էր նրանց կյանքի ամենացավոտ բաժանումը։
Կիրովական հասնելուն պես Ստեփանը, որի մարմինը տարիներ շարունակ կրել էր բանտի, գաղթի, կորստի ու հիվանդության ծանրությունը, կնքեց իր մահկանացուն։
Տակավին օտար ու անծանոթ հայրենիքում գտնվեցին բարի մարդիկ, որոնք իրենց մարդկային պարտքը կատարեցին։ Նրանք ինչ որ մետաղյա մեծ տաշտի մեջ դրեցին դին և հողին հանձնեցին։
Մեկ օր անց հասավ Օնիկը, սակայն․․․․
․․․․սակայն հայրը արդեն հողին էր հանձնված։
Իսկ ամենածանրը դեռ առջևում էր։
Տասնչորսամյա Հրաչը, հոր կորստի վշտից և անծանոթ միջավայրի շփոթությունից, այլևս չկարողացավ հիշել, թե որտեղ էր թաղված հայրը։ Տարիներ անց եղբայրները նորից ու նորից փորձեցին գտնել Ստեփանի շիրիմը։ Անգամ ամենափոքր կասկածի դեպքում նույնիսկ բացում էին գերեզմանները՝ համոզվելու համար, թե գուցե հենց այնտեղ է հանգչում իրենց հայրը։ Բայց որոնումները մնացին ապարդյուն։
Որքա՜ն խորհրդանշական է այս դրվագը։
Կան ժողովուրդներ, որոնք չգիտեն իրենց պատմությունը, որովհետև մոռացել են։ Մենք հաճախ չգիտենք մեր նախնիների գերեզմանները, որովհետև մեզ զրկել են դրանք ունենալու հնարավորությունից։
Երբ մարդը չի կարողանում ծաղիկ դնել իր հոր շիրիմին, դա միայն ընտանեկան ցավ չէ։ Դա նաև ազգային ողբերգություն է։
Ժամանակն անցնում էր։ Ցավերը չէին անհետանում, բայց մարդը չի կարող ամբողջ կյանքն անցկացնել միայն կորուստների մեջ։ Աստված մարդուն տվել է նաև արարելու շնորհը։
Օնիկ Հաջինյանն ամուսնացավ գեղեցկուհի Զաբել Ֆալջյանի հետ։ Նրանք ունեցան հինգ զավակ և կառուցեցին իրենց տունը, որի հիմքում սեր էր, փոխադարձ հարգանք և աշխատանք։

Ես երբեք չեմ հիշել պապիկիս որպես մեծ խոսքեր ասող մարդու։ Նրա ամենամեծ պատգամը սեփական կյանքն էր։ Նա սովորեցնում էր ոչ թե խոսքով, այլ օրինակով։ Նա անսահման բարի մարդ էր։ Այնպիսի բարություն ուներ, որը չէր ցուցադրվում, այլ զգացվում էր։ Նա այնքան էր աշխատասեր, որ գործը նրա համար ոչ թե պարտականություն, այլ մարդու արժանապատվության արտահայտությունն էր։ Երկար տարիներ աշխատել է Կիրովականի Քիմգործարանում, եղել է աշխատանքի վետերան։ Իսկ տանը զբաղվել է ոսկերչությամբ։ Լինելով հմուտ ու պահանջված վարպետ՝ նա արհեստը բարձրացրել է արվեստի մակարդակի։ Նա հայրենասեր էր ոչ թե բարձրախոս հայտարարություններով, այլ նրանով, որ աշխարհի որ անկյունում էլ ապրեր, երբեք չէր դադարում հայ լինել։
Մարդ հավերժ է իր գործերով, իր սերունդով։ Կարևոր է նաև, թե իր բացակայությունից հետո ինչ և ինչպես են նրան հիշում։ Եթե մարդկանց հիշողության մեջ ապրում են առաքինությունները, ուրեմն նրա կյանքն իզուր չի անցել։
1989 թվականի մարտի 1-ին պապիկս, տատիկս՝ Զաբելը, և քեռիս՝ Վահրամը, մշտական բնակության մեկնեցին Ավստրալիայի Սիդնեյ քաղաք։
Կարծես պատմությունը նորից կրկնվեց։
Մի ժամանակ նրանց ծնողները փրկություն էին գտել Եգիպտոսում։ Այժմ իրենք էին նոր կյանք սկսում աշխարհի մեկ այլ ծայրում։
Մենք՝ հայերս, հաճախ ասում ենք. «Պանդուխտ ենք»։ Սակայն այդ բառի մեջ միայն աշխարհագրություն չկա։ Այն մարդու հոգեվիճակ է։ Պանդուխտ լինելը միայն հայրենիքից հեռու ապրելը չէ։ Երբեմն մարդը հայրենիքում էլ կարող է իրեն պանդուխտ զգալ, եթե այնտեղ չկան իր հարազատները։ Իսկ երբ ընտանիքդ սփռված է աշխարհով մեկ, սկսում ես հասկանալ, որ հայրենիքը միայն տարածք չէ։ Հայրենիքը նաև մարդիկ են։
Այսօր, երբ հետ եմ նայում մեր ընտանիքի պատմությանը, ցավով հասկանում եմ, որ եթե ինձնից ընդամենը չորս սերունդ հետ գնանք, ապա կտեսնենք, որ նրանցից յուրաքանչյուրն աշխարհի տարբեր վայրում է ծնվել։ Մեկը՝ Արևմտյան Հայաստանում, մյուսը՝ ցեղասպանությունից հետո սփյուռքում, ես՝ Հայաստանում, իսկ որդիս՝ կրկին հայրենիքից դուրս... Իսկ այսօր մեր ընտանիքը նորից տարածված է աշխարհի տարբեր երկրներում։
Սա այն վերքն է, որի վրա ժամանակը սպի է թողել, բայց երբեք չի բուժել այն։
Եղեռնը չավարտվեց մեկ դար առաջ, այլ նրա հետևանքները դեռ շարունակում են փոխել մարդկանց ճակատագրերը։ Այն մեզ ստիպեց աշխարհով մեկ ցրվել, տարբեր մայրցամաքներում նոր կյանք սկսել, տարբեր լեզուներով կրթություն ստանալ, երբեմն նույնիսկ հազվադեպ տեսնել, կամ անգամ ճանաչել սեփական հարազատներին։
Որքա՜ն ծանր է, երբ աշխարհասփյուռ ընտանիքը չի կարողանում միասին լինել ոչ ուրախության պահին, ոչ վշտի։ Ծնունդներ, հարսանիքներ, մկրտություններ, հուղարկավորություններ... Միշտ ինչ-որ մեկն է բացակայում։ Երբեմն նույն արյունը կրող մարդիկ չգիտեն անգամ միմյանց գոյության մասին։ Ոչ թե որովհետև չեն սիրում, այլ որովհետև պատմությունն ու հեռավորությունը նրանցից խլել են միասին մեծանալու և իրար վայելելու հնարավորությունը։
Սակայն կա մի բան, որը ոչ մի սահման չի կարող բաժանել։
Հիշողությունը․․․․
Քանի դեռ հիշում ենք մեր նախնիներին, նրանք շարունակում են ապրել մեր մեջ։ Քանի դեռ պատմում ենք նրանց պատմությունները մեր երեխաներին, նրանք շարունակում են քայլել մեր կողքով։
2004 թվականի ապրիլի 4-ին Սիդնեյում կյանքից հեռացավ Հրաչը։ Միայն մեկ օր անց՝ ապրիլի 5-ին, սրտի կաթվածով ավարտվեց նաև Օնիկ Հաջինյանի երկրային ճանապարհը։ Թվում է՝ ճակատագիրը, որը միացրել, ապա բաժանել էր եղբայրներին, վերջում նրանց նորից միավորեց՝ ընդամենը մեկ օրվա տարբերությամբ։
2023 թ․-ին,Ավստրալիայում, հեռու զավակներից ու թոռներից հավերժի ճամփորդ դարձավ նաև տատիկս՝ Զաբելը, իսկ մեկ տարի առաջ, մորեղբայրս՝ Վահրամը։ Հետաքրքրականն այն է, որ Պապիկս և քեռիս մահացել են նույն սենյակում, նույն վայրում, անակնկալ, սրտի կաթվածով․․․․ Սակայն մահը երբեք վերջին խոսքը չունի այն մարդկանց նկատմամբ, ովքեր իրենց բարությամբ շարունակում են ապրել մեր հիշողության մեջ։
Այսօր, պապիկիս ծննդյան հարյուրամյակի օրը, ես միայն իրեն չեմ հիշում։ Ես խոնարհվում եմ այն սերնդի առաջ, որը կարողացավ ապրել այն, ինչից հետո շատերը կկորցնեին ապրելու ցանկությունը։ Նրանք մեզ ժառանգություն չթողեցին միայն անուններ ու լուսանկարներ։ Նրանք մեզ թողեցին շատ ավելի արժեքավոր բան՝ արժանապատիվ ապրելու օրինակ։
Եվ եթե երբևէ ինձ հարցնեն, թե ի՞նչ է իրական հայրենասիրությունը, ես չեմ հիշի բարձրախոս ճառերը։ Ես կհիշեմ իմ պապիկին՝ Օնիկ Հաջինյանին, որը կյանքի բոլոր փոթորիկների միջով անցավ առանց չարանալու, առանց մարդուն կորցնելու, առանց իր ինքնությունն ուրանալու։
Թո՛ղ նրա հարյուրամյակը լինի ոչ միայն ընտանեկան հիշատակի օր, այլև լուռ պատգամ բոլորիս. ժողովուրդները մեծանում են ոչ միայն հաղթանակներով, այլև հիշողությունը պահելու կարողությամբ։ Իսկ մարդը հարուստ է ոչ թե նրանով, թե որքան է կուտակել, այլ նրանով, թե որքան սեր, բարություն և արժանապատվություն է թողել իրենից հետո։
Այսօր, երբ լրանում է պապիկիս՝ Օնիկ Հաջինյանի ծննդյան հարյուրամյակը, ավելի քան երբևէ զգում եմ, որ մարդու կյանքի իրական արժեքը չի չափվում նրա ապրած տարիներով և ոչ էլ նրա ստեղծած նյութական բարիքներով։ Այն չափվում է այն լույսով, որը նա թողնում է իրեն ճանաչած մարդկանց հոգիներում։ Կյանքի ճանապարհը վաղ թե ուշ ավարտվում է յուրաքանչյուրի համար, բայց կան մարդիկ, որոնց ներկայությունը շարունակվում է նաև իրենց բացակայությունից հետո։ Նրանք ապրում են իրենց զավակների մտածողության մեջ, թոռների հիշողության մեջ, ընտանեկան ավանդույթներում, խորհուրդներում և այն բարության մեջ, որ աննկատ փոխանցել են հաջորդ սերունդներին։
Պապիկիցս ինձ մնացել են ընդամենը երկու իրեղեն հուշեր։ Թվով՝ երկուսը, բայց բովանդակությամբ՝ մի ամբողջ դար։

Առաջինը հին շվեյցարական պատի ժամացույցն է։ Երբ պապիկս ծնվել է, նրա հայրը՝ Ստեփանը, Ալեքսանդրիայի հնավաճառների շուկայից այն գնել է իր կնոջ՝ Նազիկի համար՝ որպես խորհրդանշական նվեր։ Այդ ժամացույցն ավելի քան մեկ դար շարունակ ուղեկցել է մեր ընտանիքի պատմությանը։ Նրա առաջ փոխվել են երկրներ ու քաղաքներ, փակվել են տների դռներ, բացվել են նոր օջախներ, մեծացել են երեխաներ, ճերմակել են մազերը, փոխվել են սերունդները։ Նրա սլաքները չեն շեղվել իրենց ընթացքից, մինչդեռ մարդկային ճակատագրերը բազմիցս փոխել են իրենց ուղղությունը։
Այսօր այդ ժամացույցը մեր տան ամենատարեց բնակիչն է։ Այն տեսել է մարդկանց, որոնց մենք այլևս չենք կարող տեսնել, լսել է ձայներ, որոնք վաղուց լռել են, եղել է վկան ուրախությունների ու վշտերի։ Երբ կանգնում եմ նրա առջև, ինձ թվում է, թե այն այլևս ժամանակ չի չափում։ Այն հիշողություն է պահպանում։ Նրա յուրաքանչյուր զարկի մեջ լսվում է մի ամբողջ դարի շունչը, և այդ լռության մեջ ավելի շատ պատմություն կա, քան կարելի է գտնել բազմաթիվ գրքերում։

Երկրորդ հուշը Եգիպտոսից բերված նավաձև մոխրամանն է։ Այն առանձնահատուկ գեղեցկություն ունի, սակայն ինձ համար նրա ամենամեծ արժեքը ոչ թե արվեստի նուրբ լուծումն է, այլ այն ճանապարհը, որով հասել է մեզ։ Ամեն անգամ, երբ նայում եմ, ակամա մտածում եմ, որ այդ փոքրիկ նավը կարծես մեր ընտանիքի խորհրդանիշը լինի։ Նրա մեջ խտացել են գաղթի ճանապարհները, օտար ափերի անհայտությունը, վերադարձի հույսը, արտագաղթը և անվերջ որոնումները։ Թվում է՝ այդ նավը մինչև այսօր շարունակում է լուռ նավարկել ժամանակի ծովով՝ իր վրա կրելով մի ընտանիքի հիշողությունն ու մի ժողովրդի ճակատագիրը։
Երբ այս երկու հուշերը կողք կողքի են՝ ժամացույցն ու նավը, ակամա մտածում եմ, որ դրանցից յուրաքանչյուրն իր խորհուրդն ունի։ Մեկը պատմում է ժամանակի մասին, մյուսը՝ ճանապարհի։ Իսկ մարդու ամբողջ կյանքը, թերևս, հենց ժամանակի և ճանապարհի հանդիպումն է։ Մենք գալիս ենք այս աշխարհ, անցնում մեզ տրված ուղին և հեռանում, բայց մեզնից հետո մնում է այն, ինչ չենք կարող վերցնել մեզ հետ՝ մեր անունը, մեր գործերը, մեր վերաբերմունքը մարդկանց նկատմամբ և այն բարին, որ հասցրել ենք անել։
Հաճախ թվում է, թե պատմությունը կերտում են միայն մեծ պետական գործիչները, զորավարներն ու անվանի մարդիկ։ Սակայն իրականում ժողովուրդների ճակատագիրը պահում են նաև այն համեստ մարդիկ, որոնց անունները չեն հայտնվում դասագրքերում։ Նրանք իրենց կյանքով սովորեցնում են ազնվություն, իրենց լռությամբ՝ համբերություն, իրենց աշխատանքով՝ արժանապատվություն։ Հենց այդպիսի մարդկանց շնորհիվ են ժողովուրդները պահպանում իրենց ազգային դիմագիծը և հոգևոր արժեքները։ Իմ պապիկը նրանցից մեկն էր։
Այսօր այդ երկու հին իրերին նայելիս ես չեմ տեսնում պարզապես ժամացույց և մոխրաման։ Ես տեսնում եմ մայրական կողմիս սերունդների անցած ճանապարհը։ Տեսնում եմ մի պատմություն, որն այլևս պատկանում է ոչ միայն մեզ, այլև այն հազարավոր հայ ընտանիքներին, որոնց կենսագրություններում նույն ցավն է, նույն հավատը և նույն հույսը։
Մի օր այդ հուշերը կանցնեն իմ հաջորդ սերնդին։ Ես կցանկանայի, որ նրանք դրանք պահեին ոչ թե որպես հին իրեր, այլ որպես լուռ վկաներ։ Որպես հիշեցում, որ մարդը երբեք չի սկսվում իրենից և չի ավարտվում իրենով։ Յուրաքանչյուր սերունդ նախորդի շարունակությունն է, իսկ յուրաքանչյուր ընտանիք՝ պատմության մի փոքրիկ էջ, որի պահպանությունը վստահված է մեզ։ Եվ եթե մի օր, տարիներ հետո, այդ հին ժամացույցը կրկին զարկի նույն խաղաղությամբ, իսկ նավաձև մոխրամանը նորից անցնի մեկ ուրիշ ձեռք, թող նրանք շարունակեն պատմել այն, ինչ բառերը երբեմն անկարող են արտահայտել. որ մարդկային կյանքի ամենաթանկ ժառանգությունը ոչ թե այն է, ինչ պահվում է տներում, այլ այն, ինչ փոխանցվում է դարեդար։ Ժամանակը կարող է փոխել ամեն ինչ, բայց չի կարող ծերացնել սերը, հավատքը և առաքինությունը։ Իսկ մարդը, որի անունը շարունակում է բարությամբ հնչել իր սերունդների շուրթերին, իրականում երբեք չի հեռանում։ Նա պարզապես դառնում է իր ընտանիքի լույսը, որն այլևս չի մարում։
Հովհաննես սարկավագ Գումրույան





Comments