top of page

ՊԵՐՃԱԽՈՍ ԼՌՈՒԹՅԱՆ ԱՍՊԵՏԸ


ree

Վերջերս՝ փետրվարի 20-ին, Մոսկվայի ժողովրդական տնտեսության նվաճումների ցուցահանդեսի հայկական սալոնում բացվեց ՀՀ ժողովրդական նկարիչ Անատոլի Ավետյանի ստեղծագործությունների ցուցահանդեսը:

Անվանի նկարչի աշխատանքներ բարձր գնահատվեցին Ռուսաստանի դաշնության անվանի արվեստագետների ու հարյուրավոր դիտողների կողմից:


ree

«Սպիտակ գլխարկ», 2005 թ.,ստվարաթուղթ, յուղաներկ (85х105)


ԱՅՑԵՔԱՐՏ

Ծնվել է 1952 թվին, Սիբիրում` բռնագաղթվածների ընտանիքում: 1967 թվականին տեղափոխվել, հաստատվել են Կիրովականում (այժմ՝ Վանաձոր)։ 1969 թվականին ընդունվել է Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարան, 1972 թվականին՝ Թբիլիսիի գեղարվեստի ակադեմիա, 1977-ին, գերազանցությամբ ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը: Ապա, նրա կենսագրությունը կարելի համառոտագրել, նշելով՝ փայլուն դրվատանքներով են նշվել նրա բազմաթիվ անհատական և խմբային ցուցահանդեսները Երևանում և Հայաստանի տարբեր քաղաքներում, Հոլանդիայում, Մոսկվայում, Սանկտ-Պետերբուրգում, Շվեյցարիայում, Ֆրանսիայում, Վաշինգտոնում, Չիկագոյում, Բոստոնում, Լոս-Անջելեսում, Հալեպում, Բելգիայում, Կահիրեում, այլուր: Ավետյանի աշխատանքներից պահվում են բազմաթիվ անձնական հավաքածուներում, Հայաստանի Ազգային պատկերասրահում, Ազգագրական թանգարանում, Փարաջանովի տուն-թանգարանում, գեղարվեստի ֆոնդում, ՀՀ նախագահական պալատում, Ամենայն Հայոց Կաթողիկոսի նստավայրում, Փարիզի քաղաքապետարանում, Հռոմի Պապի հավաքածուում, Բոստոնի ԱԼՄԱ թանգարանում, հանդիսանում են ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Ֆրանսիայի և այլ երկրների նախագահների սեփականությունը:


ree

«Խաչակիրը», 1996 թ., կտավ, յուղաներկ, (100х100)


ՊԵՐՃԱԽՈՍ ԼՌՈՒԹՅԱՆ ԱՍՊԵՏԸ


Արվեստի բարձրակարգ գործերի առջև մենք համրանում ենք՝ տրվելով մեր խոկումներին, քանզի, բացառիկ, ազնվագույն ոգեղենությունը պարտադրում է մեզ ինչ-որ մի կարճ ժամանակահատվածում ներքին պերճախոսությամբ լռություն պահպանել:

Դա այն լռությունն է, ինչպես Մեծ պայթյունին նախորդած վայրկյանը…

Ահա այսպիսի լռություն է պարտադրում մեզ ՀՀ ժողովրդական նկարիչ, քանդակագործ Անատոլի Ավետյանն իր ստեղծագործություններով:


ree

«Բարի լուր», 2015 թ., ֆաներա, ալյումին, յուղաներկ, (150x300)


Գեղարվեստ մուտք գործելու առաջին իսկ քայլերից, ազդեցություններից զուրկ, յուրօրինակ, իր սեփական ոճն ու կատարողական ինքնատիպությունն ունեցող արվեստագետ է Անատոլի Ավետյանը: Նրա կտավներն իրենց գունային մաքրությամբ ու քնարական շնչով թարմ հոսանք բերեցին Հայաստանի նկարչական գունեղ անդաստանում: Անկախ ստեղծման տարեթվերից, Ավետյանի գեղանկարչական աշխատանքները ներկայանում են գեղագիտորեն թարմ ու առինքնող, նաիրյան շենշողությամբ, կատարյալ և անթերի ավարտուն:

Անցած դարի 60-70-ական թվականներին, Հայաստանում, բուռն կերպով ծաղկում ապրեց մետաղի դրվագման արվեստը: Դրան, թերևս, նպաստեց նաև այն, որ խորհրդային երկրում մեկը մյուսի ետևից բոլշևիկ գործիչների և պատմական իրադարձությունների հոբելյաններ էին նշվում, և իշխանությունները շռայլորեն պատվերներ էին տալիս կերպարվեստագետներին՝ դրվագելու բոցաշունչ լենինյանների, ֆաշիզմին հաղթած բանակի, կոմունիզմ կառուցող և տիեզերք նվաճող դասակարգի կերպարները: Պետական-հասարակական հիմնարկների փողոցահայաց պատերի վրա և ընդարձակ ճեմասրահներում դրվագումներ հայտնվեցին, որոնք ստեղծագործական որոշակի դրսևորումներ ունենալով հանդերձ, իրենց գաղափարական դերով չմերվեցին, չդարձան հանրության գեղագիտական ճաշակի խորհրդանիշեր: Նշենք, որ մետաղի վրա դրվագման ալիքը, այդուհանդերձ, նպաստեց մի քանի տաղանդավոր վարպետների կողմից ազգային թեմատիկայով և հովվերգական մնայուն կոթողներ ստեղծելուն, լայն պահանջարկ ունեցող տարատեսակ հուշանվերներ արտադրելուն, բայց, ընդահանուր առմամբ, դրա ոգևորությունը կարճ տևեց:


ree

«Արարատ», 1992 թ., պղինձ, արույր, պատինա, (81x73)


Եվ ահա, երբ մետաղի գեղարվեստական դրվագումն այլևս մակընթացության մեջ չէր, տարբեր ցուցահանդեսներում սկսեցին երևալ աշխատանքներ, որոնք իրենց կատարողական ձևերի նորությամբ ու նորարարությամբ, գեղագիտական հնչեղությամբ և բովանդակային էությամբ նոր սկիզբ ու թարմություն էին բերում: Սկզբից իսկ պարզ դարձավ, որ հանձին նկարիչ Անատոլի Ավետյանի, մետաղի դրվագման հնագույն արվեստը վերակենդանանում և զարգանում է, և այդ հորդուն ընթացքը նկարչի ստեղծագործական ծիրում և հայ դեկորատիվ-կիրառական արվեստի պատմության մեջ մի նոր էջ է բացում:

Անկասկած, նկարչի ճաշակի, հնարամտության, կատարողական մեծ վարպետությամբ գյուտարարության արդյունք են տարբեր նյութերի ներդաշնակ միատեղումը, որոնք անկասելի միտվում են պատկերվածի գեղագիտությունն ու հոգեբանությունը արտահայտելուն: Նյութի (մետաղ, պղինձ, արույր, ալյումին, անագ, ներկեր և այլն) բազմազան համակցումներով արարումներն Անատոլի Ավետյանի տարերքն են և զարմանալի չէ, որ դրվագումներում գերիշխում է կոթողային կերպն ու բնույթը: Այդ հատկությունն ավելի է ընդգծվում նրա քանդակագործության մեջ, երբ նյութը՝ (օբսիդիան, ապակի, պողպատ, բյուրեղապակի) ծառայեցվիում է միակ՝ գլխավոր կերպարի խորիմաստ վեհությունը ներկայացնելուն:


ree

«Աստվածամայրը մանկան հետ», 2009 թ., պղինձ, դրվագում, պատինա, ներկեր, (100х69)


«Ստեղծագործում եմ այնպես, ինչպես ցանկանում եմ, ինչ ցանկանում եմ, ինչով ցանկանում եմ»,- ստեղծագործելու իր ազատության մասին ասել է Անատոլի Ավետյանը և դա նրա արվեստի մասին ամենաբնորոշիչն է՝ երբևէ ասված բնութագրումներից:

2012 թվականին Անատոլի Ավետյանն աննախադեպ քայլ արեց` ժամանակակից 28 արվեստագետների և հանրության հանդիպումը կազմակերպելով «Իմ ժամանակակիցը» վերտառությամբ գեղանկարչական դիմաշարով:

Այս դեպքում, գեղագիտական արժեքից զատ, նա ի հայտ բերեց մեր ժամանակի ոգեղեն նկարագրի և էության հավաքական կերպարը, որն ամբողջանում է նկարչի առաջարկով բնորդների կողմից գրված և դիմանկարներին կից ներկայացվող ձեռագիր ուղերձներով:


ree

«Մեր պահապան հրեշտակը», 2009 թ.,ստվարաթուղթ, յուղաներկ, պղինձ, (137х185)


Լավագույնս ճանաչելով գրականության և արվեստի ժամանակակից գործիչներին, Անատոլի Ավետյանը սկզբից ևեթ նպատակադրվել էր կերտել նրանց բարոյական կերպարը, որը դիտողին պարուրելով գունաշխարհի մեղեդայնությամբ, նրան մղում է խորհելու մաքրագործման և հուսավետության մասին, բարու ընկալման և բարոյական ճշմարիտ արժեքների հարատևության մասին: Այսպիսով, և՛ նկարչի վրձնած կերպարներով, և թե նրանց գրավոր խոսքով մենք առերեսվում ենք ոչ միայն ներկա ժամանակի, այլև ամբողջ մի ժամանակաշրջանի մշակութային-հոգևոր ընդհանրական կերպարի հետ:

Դիմաշարը ներկայանում է պարզ ու մտերմիկ, կայտառ տրամադրությամբ, կերպարների խոհուն լավատեսությամբ և յուրաքանչյուրն իր մտորումներով ու զգացմունքներով երկխոսության մեջ է մտնում դիտողի հետ:


ree

Բանաստեղծ Ռազմիկ Դավոյան


Անատոլի Ավետյանը հրաժարվել է իր հերոսներին արտաքին զուգվածությամբ ներկայացնելուց: Յուրաքանչյուր կտավում նկարչի, վերջին հաշվով, նաև դիտողի ուշադրության կենտրոնում կերպարի դեմքն է: Նույնիսկ կանանց` դերասանուհիներ Էվելինա Շահիրյանի, Իրինա Դանիելյանի, Լալա Մնացականյանի, դրամատուրգ Կարինե Խոդիկյանի դիմանկարները, որ աչքի են ընկնում բարեհամբույր կանացիությամբ, զուրկ են արտաքին արդուզարդից: Այդուամենայնիվ, նրանք ներկայանում են պերճաշուք ինքնությամբ: Դա մարդու արտաքինի և նրա ոգեղեն գեղեցկության պատկերման գաղտնի օրենքների բացահայտումն է` նկարչության լեզվով:


ree

«Մեր քարերը», 2004 թ., օբսիդիան, (71х25х13)


Դիմանկարներում գուներանգային պայծառ ու ցայտուն լուծումները, լայն ու համարձակ վրձնախաղերը` բացառիկ արտահայտչականությամբ, յուրաքանչյուրին առանձնացնում են իրենց բնորոշ բնավորությամբ ու անհատական խառնվածքով: «Կիլիկիայի» նավապետ Կարեն Բալյանի դիմանկարն, օրինակ, հառնում է ալիքվող կապույտի միջավայրից` տարերքի դեմ անհողդողտ ու հաստատակամ կերտվածքով, երաժիշտ Մալխասի միջավայրը նրա ջազային կենսախինդ երաժշտության գունեղ ներաշխարհն է, իսկ ինքը` դրա ծնունդն ու գլխավոր հերոսը, կատակերգակ Սերգեյ Դանիելյանի հանրահայտ «յոժիկ» (ոզնի) սանրվածքը դիմանկարում նրա այցետոմսն է կարծես, իսկ սևեռուն հայացքն ու սեղմված շուրթերով փոքր-ինչ հեգնական ժպիտը նրա ներհուն խառնվածքն են մատնում, նկարիչ Մարտիրոս Բադալյանը պատկերված է լույս ու ստվերի և նախշազարդ կարպետի ֆոնի վրա` արվեստագետի անհատականությամբ, բանաստեղծ Ռազմիկ Դավոյանի դիմանկարը՝ գունակերպի զուսպ տոնայնությամբ, դասական խոհականությամբ ու հանդարտությամբ է ներկայանում, իսկ կատակերգու դերասան Աշոտ Ղազարյանի կերպարը արբշիռ գունավետությամբ ու վարակիչ կայտառությամբ է լի, և այլն:


ree

«Հայաստանում Քրիստոնեության ընդունման 1700 ամյակին», 2000թ., ապակի, բյուրեղապակի, օբսիդիան, պողպատ, (50х60х35)

Անհնար է չհապաղել իր` նկարչի ինքնանկարի առջև: Այս շարքում սա միակ նկարն է, որի կերպարում սուր կերպով արտահայտված ներքին խռովք կա: Սա նման չէ մյուսների` կինոռեժիսոր Հովիկ Հախվերդյանի խոհուն լրջմտության, դերասան, սցենարիստ և ռեժիսոր Միքայել Պողոսյանի աչալուրջ զննողականության, դերասան Զավեն Աբրահամյանի քննող դիտողականության հոգեվիճակներին: Անատոլի Ավետյանի ինքնանկարում իշխող հոգեվիճակը դրամատիզմն է` ժամանակի ու բարքերի փոփոխությունների ապրումներով ու մտահոգությամբ: Կտավից սևեռուն հայացքով դիտողին է նայում գունային հատու վրձնախռովքով կերտված ԱՐՎԵՍՏԱԳԵՏԸ, ով մեր ժամանակի խիղճն է, նվիրյալն ու վսեմ իդեալների գաղափարակիրը: Դրանով նա` Անատոլի Ավետյանը, իրեն չի առանձնացնում մյուսներից, ընդհակառակը, իր կերպարում ամփոփել է «Իմ ժամանակակիցը» պատումնաշարը` ընդհանրացնելով մյուսների բարոյահոգեբանական այն ապրումները, որոնք մեր իրարամերժ ժամանակաշրջանի ծնունդն են:


ree

Դրամատուրգ, երգիծաբան Սամվել Խալաթյան


Մոգություն, կախարդանք կա նկարչի բոլոր ժանրերով արված գործերում: Սակայն,

ի՞նչն է Անատոլի Ավետյանի արվեստի կախարդանքը:

-Լռությունը, պերճախո՜ս լռությունը:


Սամվել Խալաթյան




Comments


© 2023 by HAYLURUSA

Website by

self logo.png
bottom of page