«Փոքրիկ Հրեշտակներ» շաբաթօրյա դպրոցը՝ սփյուռքի հայ ինքնության դարբնոց
- May 17
- 5 min read

Ազգի գոյությունը սահմաններով չի չափվում։ Ազգն ապրում է այնտեղ, որտեղ պահպանվում են լեզուն, հիշողությունը և սերունդներին փոխանցվող հոգևոր ժառանգությունը։ Հայը, որտեղ էլ գտնվի, իր մեջ կրում է հայրենիքի ձայնը՝ մայրենի լեզվի, մշակույթի և հավատքի միջոցով շարունակելով ազգային ինքնության հավերժական ճանապարհը։ Սփյուռքում հայապահպանությունը պարզապես առաքելություն չէ․ դա պատասխանատվություն է մի ամբողջ պատմության հանդեպ։ Այս ճանապարհին անփոխարինելի են Հայ առաքելական սուրբ եկեղեցին ու հայկական կրթօջախները, որոնք ոչ միայն գիտելիք են փոխանցում մատաղ սերնդին, այլև ձևավորում են ազգային գիտակցություն և արմատների նկատմամբ անսահման սեր ու հարգանք։
Կալիֆորնիայի Բրբենք քաղաքում գործող առաջնորդանիստ Սրբոց Ղևոնդյանց մայր տաճարի «Փոքրիկ Հրեշտակներ» շաբաթօրյա դպրոցը հենց այդ լուսավոր առաքելության կենդանի արտահայտություններից է։ ԱՄՆ Արևմտյան թեմի առաջնորդ, գերաշնորհ Տ․ Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի օրհնությամբ գործող այս կրթօջախը տարիներ շարունակ սիրով ու նվիրումով իր շուրջն է համախմբում հայ երեխաներին՝ նրանց փոխանցելով մայրենի լեզվի գեղեցկությունը, ազգային արժեքների խորությունը և հայեցի դաստիարակության ոգին։ Դպրոցի տնօրեն, բարեշնորհ Հովհաննես սարկավագ Գումրույանի հետևողական աշխատանքի և փորձառու մանկավարժների անձնվեր ծառայության շնորհիվ «Փոքրիկ Հրեշտակներ»-ը դարձել է ոչ միայն կրթության, այլև ազգային ոգու պահպանման ու փոխանցման կարևոր կենտրոն։ Այն աշխարհի ամենամեծ հայկական միօրյա կրթական հաստատություններից մեկն է։

Հատկանշական է, որ «Փոքրիկ Հրեշտակներ» շաբաթօրյա դպրոց են հաճախում երեխաներ տարբեր կրթական միջավայրերից՝ ինչպես ամերիկյան, այնպես էլ հայկական ամենօրյա վարժարաններից, որովհետև հաստատությունն իր կրթական բարձր որակներով ու համահայկական հեղինակությամբ մրցունակ է ցանկացած դպրոցի հետ։ Ամենևին էլ պատահական չէ, որ հաստատության կրթական, ազգային և հոգևոր կյանքը շարունակաբար լուսաբանվում է հայրենիքի և սփյուռքի մամուլում՝ արժանանալով համահայկական ուշադրության ու գնահատանքի։
Վարժարանում 2025-26 ուստարին սկսվեց Արևմտյան թեմի առաջնորդարանում անցկացված հայերենի ուսուցիչների ամենամյա հավաքով, որը համախմբեց ավելի քան 100 մանկավարժների աշխարհի տարբեր անկյուններից։ Միջոցառման ընթացքում թեմական առաջնորդ Հովնան սրբազանը շեշտեց ուսուցչի բացառիկ դերը սփյուռքում ազգային ինքնության պահպանման գործում, իսկ հրավիրված դասախոսները ներկայացրին հայ հոգևոր քնարերգության, աշուղական արվեստի և հայ գրերի պատմամշակութային արժեքների մասին հետաքրքիր ու արդիական թեմաներ։

Հարկ է նշել, որ Արևմտյան թեմում գործող յուրաքանչյուր դպրոց միայն կրթօջախ չէ, այլ հոգևոր կամուրջ, որտեղ երեխաները վերագտնում են իրենց պատմությունն ու հավատը։ Հենց այյդ նույն առաքելության կրողներից է «Փոքրիկ Հրեշտակներ» շաբաթօրյա դպրոցը, որի նոր ուսումնական տարվա մեկնարկը ևս մեկ անգամ հիշեցրեց, որ քանի դեռ հնչում է հայերեն խոսքը և ապրում Մաշտոցյան գիրը, հայ ժողովուրդը շարունակելու է հարատևել ու արարել աշխարհի ցանկացած անկյունում։
Սեպտեմբերի 27-ին «Փոքրիկ Հրեշտակներ» շաբաթօրյա դպրոցում դասերը մեկնարկվեցին ծաղիկների խոնարհմամբ և աղոթքով։ 44-օրյա աղետի հիշատակության խորհուրդն այն էր, որ ժողովրդի գոյատևումը սկսվում է հիշողությունից, ամրանում հավատքով և շարունակվում հայրենիքի նկատմամբ անդավաճան նվիրվածությամբ։
Եթե 44-օրյա պատերազմի ընթացքում հայրենիքի հանդեպ սերը դրսևորվում էր անխոնջ պայքարի և զոհաբերության միջոցով, ապա հայկական մշակույթին նվիրված աշնանային փառատոնը դարձավ ապացույց, որ ժողովրդի ուժը ոչ միայն պայքարի, այլև միասին արարելու, սիրելու և ազգային ոգին կենդանի պահելու կարողության մեջ է։ Այդ օրվա գեղեցիկ սեղանները, ազգային երաժշտությունը, երեխաների ժպիտներն ու ընտանեկան մթնոլորտը միասնության, սիրո և շնորհակալության խոսուն վկաներն էին։ Հատկանշական է նաև, որ դպրոցում ընդունված գեղեցիկ ավանդույթի համաձայն՝ փառատոնի ժամանակ տեղի է ունենում հանգանակություն, որն ուղղվում է մեր հայրենիքին։ Այս տարի «Փոքրիկ Հրեշտակներ»-ն իրենց նվերներն ուղարկեցին սահմանամերձ շրջանների՝ Տավուշի մարզի Ոսկեպար և Սյունիքի մարզի Խոզնավար գյուղերի դպրոցականներին։

Սուրբ Ծննդյան և ամանորյա հանդիսությունները դպրոցում դառնում են ազգային մշակույթի, հոգևոր ժառանգության պահպանման և շարունակականության կարևոր ձևեր՝ ստեղծելով մի միջավայր, որտեղ սերունդները ոչ միայն ճանաչում են իրենց ինքնությունը, այլև ապրում են այն՝ որպես բնական և ներքին քրիստոնեական իրականություն։ Իսկ Ապրիլի 24-ին նվիրված միջոցառման ընթացքում դպրոցը պարուրվում է խոսուն լռության, սրբոց բարեխոսության և ազգային հիշողության խորհրդով։ Աշակերտները ծաղիկներ են խոնարհում Ցեղասպանության զոհերի խաչքարի առջև, իսկ նրանց խմբակային արտասանություններն ու սրբոց բարեխոսության աղոթքը վերածվում են հարատևության, ազգային ոգու անխախտության և մեր լինելիության հավերժ վկայության։
Հետաքրքրական է նաև, որ վարժարանում նշվում են հայրենիքում հաստատված գեղեցիկ տոներն ու ավանդույթները։ Օրինակ՝ փետրվարի 21-ին՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ընդունված Մայրենի լեզվի միջազգային օրը, դպրոցի տնօրինությունը աշակերտներին նվիրեց հայերեն գրքեր։ Միևնույն ժամանակ դպրոցը շարունակաբար հարստանում է նոր թվային միջոցներով, որոնք աշակերտներն օգտագործում են իրենց անհատական ու խմբային աշխատանքները պատրաստելիս։ Դպրոցն ունի սեփական թվային ցանց, որտեղ յուրաքանչյուր աշակերտ օգտվում է անձնական էլեկտրոնային հասցեից և անհատական առցանց միջավայրից։ Ժամանակակից համակարգիչներով և ցուցադրիչներով հագեցած դասարանները նպաստում են, որ աշակերտներն օտար դպրոցներում ձեռք բերած իրենց գիտելիքներն ու կարողությունները զարգացնեն նաև մայրենի լեզվով։ Սա ևս կարևոր ձեռքբերում է դպրոցի կրթական կյանքում։

Անցնող ուսումնական տարվա կարևոր նորություններից էր այն, որ դպրոցը, ավելացնելով ուսումնական տարիները, դարձել էր յոթնամյա։ Շրջանավարտները մայիսի վերջին, քննական հանձնաժողովի, ծնողների և հյուրերի մասնակցությամբ, պաշտպանեցին իրենց ավարտաճառերը՝ ներկաներին տանելով հայկական պատմության բազմադարյա ճանապարհով՝ անհիշելի ժամանակներից մինչև մեր օրերը։ Նրանց խոսքում կենդանանում էին մեր ժողովրդի անցած դարերը, հաղթանակներն ու փորձությունները, մշակութային ժառանգությունն ու ազգային ոգու անխոնջ պայքարը՝ վկայելով, որ պատմությունը միայն անցյալ չէ, այլ ինքնության շարունակություն։ Նրանց բանավոր խոսքն ու ուսումնասիրությունների արդյունքում պատրաստված թվային աշխատանքները հիացրեցին և հուզեցին ներկաներին։

Տարեվերջյան ավարտական միջոցառումը մայիսի 16-ին էր։ Այն դարձավ ոչ միայն ուսումնական տարվա ավարտի խորհրդանշական օր, այլև անցած ճանապարհի գիտակցման, զարգացման և ինքնաճանաչման կարևոր հանգրվան։ «Փոքրիկ Հրեշտակներ» շաբաթօրյա դպրոցն իր պատմության հերթական էջը շրջեց երեխաների ժպիտներով և հաջողություններով, անկեղծ հուզմունքով ու միասին անցած ճանապարհի հիշողություններով։

Ինչպես միշտ, ամավերջյան միջոցառումը բաղկացած էր երկու մասից։ Սկզբում մասնակցում էին առաջինից երկրորդ դասարանների սաները։ Միջոցառման ընթացքում երեխաների շուրթերից հնչեցին այբուբենին և հայրենիքին նվիրված բանաստեղծություններ ու երգեր։ Նրանց անկեղծ կատարումները դարձան մայրենի լեզվի հանդեպ սիրո և հայրենիքի նկատմամբ կապվածության գեղեցիկ արտահայտություններ։
Արևմտյան թեմի շաբաթօրյա վարժարանների հոգևոր տեսուչ և «Փոքրիկ Հրեշտակներ» շաբաթօրյա դպրոցի տնօրեն, բարեշնորհ Հովհաննես սարկավագ Գումրույանը ջերմորեն ողջունեց ներկաներին՝ ընդգծելով օրվա առանձնահատուկ նշանակությունը երեխաների կրթական ճանապարհի սկզբում։ Նա նշեց, որ դպրոցի ամենափոքրիկները, ովքեր առաջին անգամ բացում են հայոց այբուբենի դռները, հաղթականորեն մուտք են գործում մեր պատմության և մշակույթի անսպառ գանձարան։ Ապա հավելեց, որ հայոց տառերը պարզապես նշաններ չեն, այլ մեր գոյության, հիշողության և ինքնության պահպանողները՝ այն հոգևոր հիմքը, որի վրա կառուցվում է մեր լինելիությունը։ Աշակերտներին նա հորդորեց սիրով սովորել և հպարտությամբ խոսել մայրենի լեզվով։

Այնուհետև արժանապատիվ Տ․ Նժդեհ քահանա Քեշիշյանն ընթերցեց Արևմտյան թեմի առաջնորդ, գերաշնորհ Տ․ Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի ուղերձը, որտեղ Սրբազան հայրը բարձր էր գնահատում «Փոքրիկ Հրեշտակներ» շաբաթօրյա դպրոցի գործունեությունը։ Իր օրհնության խոսքում Սրբազան հայրը նշել էր, որ դպրոցը ոչ միայն կրթական կենտրոն է, այլ նաև հոգևոր և ազգային արժեքների պահպանման կարևոր օջախ, որտեղ երեխաները սովորում են մայրենի լեզուն և հայկական մշակույթը։
Առաջնորդն իր օրհնությունն էր փոխանցում նաև դպրոցի հոգևոր պատասխանատու և եկեղեցու հոգևոր հովիվ, արժանաշնորհ Տ․ Խաժակ քահանա Շահբազյանին, տնօրինությանը, նվիրյալ ուսուցիչներին և ծնողներին՝ նշելով, որ հենց այդ միասնական ջանքերի շնորհիվ է հնարավոր դաստիարակել ազգային ինքնագիտակցությամբ և հավատքով ամուր սերունդ։
Առաջին մասի ավարտին ներկաներին իր օրհնությունը բաշխեց Գլենդելի Հայ առաքելական սուրբ եկեղեցու բարեխրատ հովիվ, արժանապատիվ Տ․ Մանուկ ավագ քահանա Մարգարյանը, որից հետո առաջին դասարանցիներն ստացան «Տառաճանաչության վկայականներ»։

Միջոցառման երկրորդ մասում հանդես եկան 3-7-րդ դասարանների աշակերտները՝ ներկայացնելով Հայաստան աշխարհին նվիրված բանաստեղծություններ և երգեր։ Տխրությունն ու ուրախությունը միահյուսվել էին՝ ստեղծելով հուզական և ոգեշնչող մթնոլորտ։
Հանդեսի ավարտին արժանապատիվ Տ․ Խաժակ քահանա Շահբազյանը և բարեշնորհ Հովհաննես սարկավագ Գումրույանը միասին իրենց շնորհակալական խոսքերն ուղղեցին թեմի առաջնորդ, գերաշնորհ Տ․ Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանին, ինչպես նաև բոլոր ուսուցիչներին, ծնողներին ու աշակերտներին։ Իսկ շրջանավարտներին մաղթեցին բարի ճանապարհ և միևնույն ժամանակ բարի գալուստ նոր ուսումնական տարում՝ որպես կամավորներ և ուսուցիչների օգնականներ։

Մասնավոր շնորհակալություն հայտնեցին նաև երգի աննման ուսուցչուհի տիկին Նեկտար Պողոսյանին, ով յուրահատուկ տաղանդով մշտապես զարդարում էր դպրոցական միջոցառումները։ Հատուկ ծափողջյունների արժանացան նաև դպրոցում ծառայող ավելի քան չորս տասնյակ կամավորները, որոնք նաև իրենց մասնակցությունն էին բերել հանդեսին։
Եվ մինչ դպրոցականներին կշնորհվեին ավարտական վկայականները, որոնք, ի դեպ, հավաստագրված են Դպրոցների և Քոլեջների Արևմտյան Ասոցիացիայի (WASC) կողմից, դպրոցի ղեկավարությունն ուներ նաև առանձնահատուկ անակնկալ։ Այս տարի լրանում էր Շաբաթօրյա վարժարանների գիտակրթական հանձնախմբի ատենապետ դոկտոր Էլլի Անդրեասյանի մանկավարժական գործունեության 60-ամյակը։ Այդ առիթով Հովնան սրբազանի անունից գեղեցիկ նվեր հանձնվեց հոբելյարին, իսկ աշակերտները նրան նվիրեցին գեղեցիկ ծաղկեփունջ։ Ամավերջի գեղեցիկ միջոցառումը՝ սրտաբուխ երգերով ու արտասանություններով, նվիրվեց նրան՝ որպես սիրո, հարգանքի և երախտագիտության ջերմ արտահայտություն, ապա կատարվեց հատուկ օրհնության կարգ։

Ավարտվեց 2025-2026 ուսումնական տարին, սակայն դպրոցի աշխատանքները մտնում են նոր փուլ։ Ինչպես միշտ, դպրոցի ղեկավարությունը հանդես է գալիս նորարարություններով։ Հուրախություն դպրոցի աշակերտների և համայնքի բնակիչների՝ «Փոքրիկ Հրեշտակներ»-ի հովանու ներքո նոր ուսումնական տարվանից գործելու է ամենօրյա հետդպրոցական, երկարօրյա ծրագիր՝ կեսօրվա ժամը 1։00-ից մինչև երեկոյան 6։00-ը։ Ծրագիրը, որը շարունակվելու է ամբողջ ուսումնական տարվա ընթացքում, ունենալու է հատուկ տրանսպորտային ծառայություն, որը երեխաներին վերցնելու է իրենց հիմնական դպրոցներից և անվտանգ կերպով տեղափոխելու եկեղեցի՝ ապահովելով նրանց համար շարունակական և հայեցի կրթադաստիարակչական միջավայր։

«Փոքրիկ Հրեշտակներ» շաբաթօրյա դպրոցի 2026-2027 նոր ուսումնական տարվա ընդունելությունն սկսելու է հուլիսի 1-ից և մինչև օգոստոսի 1-ը, իսկ դասերի մեկնարկելու են օգոստոսի 15-ից։ Մանրամասն տեղեկությունների համար կարող եք դիմել Ս․ Ղևոնդյանց մայր տաճար։

Սերինե Արամյան
Ուսուցչուհի





Comments