«Փոքրիկ Հրեշտակներ» շաբաթօրյա մայր դպրոցը սկսեց 2026-27 ուսումնական տարին
- 8 minutes ago
- 2 min read

«Մեր ժառանգության մեծագույն գանձը մեր լեզուն է»:
Պարույր Սևակ
Ամեն տարի, երբ ամառը հասնում է իր վերջին շաբաթներին, Բրբանքի Սրբոց Ղևոնդյանց մայր տաճարի բակը վերածվում է մի փոքրիկ, բայց շատ հարազատ տոնավայրի՝ լի մանկական ձայներով, հուզված ծնողների ժպիտներով, իրար կարոտած ուսուցիչների հանդիպումներով և նոր գրքերի բույրով։ Ամառային հանգստից հետո այստեղ կրկին սկսվում է մի ճանապարհ, որի նպատակը միայն գիտելիք փոխանցելը չէ։ Այստեղ յուրաքանչյուր նոր ուսումնական տարի մի նոր հնարավորություն է՝ սովորելու, ճանաչելու և սիրելու հայոց լեզուն, պատմությունը, մշակույթն ու հավատը։
Այս տարի ևս այդ ավանդույթը շարունակվեց։ 2026 թվականի օգոստոսի 15-ին «Փոքրիկ Հրեշտակներ»-ը՝ Սփյուռքում գործող ամենամեծ և հեղինակավոր մեկօրյա հայկական դպրոցներից մեկը, իր դռները բացեց արդեն 27-րդ տարին անընդմեջ՝ ողջունելով շուրջ 370 աշակերտի։

Բացման հանդիսավոր արարողության սկզբում արժանապատիվ Տեր Խաժակ քահանա Շահբազյանը, մինչև կհրավիրեր թեմական առաջնորդ, բարձրաշնորհ Տ. Հովնան արք. Տերտերյանին, դիմեց աշակերտներին և նրանց ծնողներին։ Ցանկանալով ամենայն բարիք՝ ընդգծեց ուսումնական տարվա կարևորությունը։ Նա հույս հայտնեց, որ երեխաները յուրաքանչյուր շաբաթ դպրոցից իրենց տուն կվերցնեն գեթ մեկ սերմի հատիկ՝ գիտելիքի, սիրո, հավատքի ու բարության սերմ, որը ժամանակի ընթացքում կծլի ու պտուղ կտա նրանց կյանքում։
Ապա իր օրհնության խոսքը ներկաներին ուղղեց բոլորի ամենասիրելի Հովնան Սրբազանը։ Նա իր հայրական օրհնությունը բաշխեց ամենքին, ապա բոլորը, մեկ մարդու պես Սրբազան Հորը հետևելով, բարձրաձայն աղոթք բարձրացրին դպրոցական մեծ ընտանիքի, հայրենիքի և Հայոց եկեղեցու անսասանության համար։

Դպրոցի հաջողության և երկարամյա գործունեության կարևորագույն գրավականներից մեկը, անշուշտ, նրա նվիրված անձնակազմն է՝ տնօրեն, բարեշնորհ Հովհաննես սարկավագ Գումրույանի գլխավորությամբ։ Նրա կողքին կանգնած են ուսուցիչները, որոնք ամեն շաբաթ առավոտյան իրենց ժամանակը, գիտելիքը և սերը նվիրում են երեխաներին։
Տնօրենն իր խոսքում շնորհակալություն հայտնեց Առաջնորդ Սրբազանին՝ նշելով, որ բախտավորություն է վայելել Հայ եկեղեցու ամենագործունյա ու հեղինակավոր հոգևորականներից մեկի՝ Հովնան Սրբազանի հայրական սերն ու խնամքը։ Սրբազանին խնդրեց հաճախակի այցելել դպրոց և իր աղոթքներում մշտապես հիշել փոքրիկ հրեշտակներին։

Նա նաև նշեց, որ տարեմուտը հոբելյանական է դպրոցի երկարամյա ուսուցչուհի տիկին Ռուզան Բաղդասարյանի համար, որովհետև լրանում է դպրոցում նրա աշխատանքային գործունեության 20-ամյակը։ Ապա, հանուն ներկաների, անակնկալ գեղեցիկ ծաղկեփունջ նվիրեցին բազմավաստակ ուսուցչուհուն, որից հետո Հովնան Սրբազանը հատուկ պահպանիչ աղոթքով օրհնեց նրան՝ նվիրելով նաև խորհրդանշական խաչ։
Հանդիսավոր բացումից հետո, առաջին օրհնյալ դպրոցական օրվա ոգևորությունը շարունակվեց դասարաններում։
Հարկ է նշել, որ «Փոքրիկ Հրեշտակներ» շաբաթօրյա վարժարանում բազմաթիվ սերունդներ են անցել նույն ճանապարհով։ Փոքրիկ երեխաները, որոնք մի օր առաջին անգամ մտել են դասարան, տարիներ անց ավարտել են յոթերորդ դասարանը, իսկ նրանցից շատերը, վստահաբար, իրենց հերթին շարունակել են փոխանցել այն արժեքները, որոնք ստացել են այստեղ։
Եվ հենց այստեղ է դպրոցի աշխատանքի ամենամեծ հաջողությունը։ Դպրոցի իրական արդյունքը միայն այն չէ, թե քանի աշակերտ է ավարտում դասարանը կամ քանի բառ է սովորում հայերենով։ Իրական արդյունքն այն է, երբ այդ երեխաներից յուրաքանչյուրը կարողանում է իր հետ տանել հայ լինելու գիտակցությունը և այն փոխանցել հաջորդ սերնդին։

Ճիշտ է, ԱՄՆ-ում չկա սեպտեմբերի մեկի հասկացությունը, ինչպես հայրենիքում էր, սակայն հստակ է մեկ բան․ քանի դեռ Սփյուռքում կան երեխաներ, որոնք սովորում են Ս. Մաշտոցի ոգով, ուրեմն հայապահպանության ճանապարհը շարունակվելու է։
Թո՛ղ 2026-2027 ուսումնական տարին լինի նոր գիտելիքների, գեղեցիկ ձեռքբերումների, ամուր ընկերությունների և հայեցի դաստիարակության տարի։
Թո՛ղ յուրաքանչյուր երեխա այս դպրոցից տուն տանի ոչ միայն նոր սովորած գիտելիքներ, այլև իր սրտում՝ մի փոքր ավելի մեծ սեր առ հայոց լեզուն, հայ մշակույթը, հայրենիքն ու հավատքը։
Բարի ընթացք դեպի 2026-2027 ուսումնական տարի։
Բարի ճանապարհ, «Փոքրիկ Հրեշտակներ» շաբաթօրյա մայր դպրոց։
Եվ թո՛ղ մաշտոցյան գիրը շարունակի ապրել՝ սերնդից սերունդ։
Գայանե Գևորգյան
Ուսուցչուհի





Comments